Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/293

Այս էջը հաստատված է

գամ էլ ձեր նամակը ցույց տվի Կոլյային։ Իհարկե ոչ։ Գրում եք, որ սկզբում ուզում էիք իմ նամակին պատասխանել լռությամբ և միայն մի երկու խոսք խազմզել։ Այդ ինչո՞ւ։ Մի՞թե ես բավականաչափ անկեղծ չեմ ձեզ հետ և մի՞թե ձեզ չարիք եմ ցանկանում։ Միգուցե այդպիսի բա՞ն եք նկատել։ Այդ դեպքում թույլ տվեք մի անգամ էլ հավատացնել ձեզ, որ խորապես սխալվում եք, եթե այդպես եք կարծում։ Ես ձեզ հետ նամակագրություն չէի ունենա և այլն, եթե դուք ինձ դուր չգայիք։ Ինձ մինչև հոգուս խորքը հուզել են ձեր խոսքերը՝ «ես կուզենայի ձեզ փաղաքշել ինչպես փոքրիկ մանկան»։ Ես հազար անգամ հոգումս շնորհակալություն եմ հայտնել այդ հաճելի խոսքերի համար։ Չէ՞ որ ես այդ օրերին այնպե՜ս կարիք ունեի փաղաքշանքի, փաղաքշական խոսքերի, բարեկամների։ Ձեր նամակները ես միշտ կարդում եմ հսկայական բավականությամբ և դրանք զատում եմ իմ ստացած բազմաթիվ նամակներից։ Դուք գրում եք միայնության, տրտմության, շրջապատի չհասկացողության մասին։ Հավատացեք, Անտյա, ես հասկանում եմ ձեզ, շատ լավ եմ հասկանում և ամբողջ սրտով կուզենայի ձեր բարեկամը լինել։ Հանձին իմ դուք միշտ կգտնեք շիտակ ու հավատարիմ բարեկամի, որի առաջ կարող եք միանգամայն անկեղծ լինել, համոզված լինելով, որ նա կհասկանա ձեզ և միշտ լրջորեն կվերաբերվի ձեր նամակներին, ձեր կյանքին, ձեր մտքերին ու զգացմունքներին, որը չի լինի կոպիտ ու աննրբազգաց, գոնե այն չափով, որչափ կներեն նրա ուժերը։

Դուք մեկ էլ խնդրում եք գրել իմ մասին։ Հիմա ես շատ ծանր րոպեներ եմ ապրում։ Այո, շատ ծանր։ Ես իմ մասին մի ուրիշ անգամ կգրեմ մանրամասնորեն, թե չէ նամակս առանց այն էլ շատ երկարեց, և ես հոգնեցի։ Հա՛, դուք դաշնամուր նվագում եք (??), եթե այո, ապա ես երբևէ կուղարկեմ իմ բանաստեղծությունների համար գրած նոտաները, նվագեցեք։ Ես ինքս դեռ չգիտեմ, թե դա ինչ երաժշտություն է: Եթե դա հետաքրքիր չէ, գրեցեք ուղղակի, առանց քաշվելու։ Դա ինձ չի վիրավորի, որովհետև դրա մեջ վիրավորվելու բան չկա։ Ահա առայժմ ամենը։ Սեղմում եմ ձեր ձեռքը, պինդ, շատ պինդ եմ սեղմում ։

Վահան