այնքան ստոր ու հիմար չեն, որքան երբեմն թվում են նրանք, այլ նրանց մեջ կան և լավերը, կամ, համենայն դեպս, առանձին մարդկանց մեջ լավ կողմեր կան, իսկ մի՞թե դա քիչ է: Չէ՞ որ նրանք բոլորը լոկ մարդիկ են, իսկապես, հո գերմարդ չե՞ն լինելու, որոնց մասին այնքան գրվում է և որոնք վերջ ի վերջո միայն Սանիններ են։ «Լեզուդ քո՜ր է եկել»։ Բավական է, դե ստորագրի՛ր, հրե՛շ, ստորագիր։
Ես ենթարկվում եմ բռնությանը և այս հիմար ուղերձը ստորագրում եմ իմ սեփական անվամբ, որը հնչում է այսպես՝ Վահան, բայց ոչ վագոն, ինչպես շատերին թվում է առաջին հայացքից, իսկ Անտյային կարող է թվալ, թե ես չար դիտավորություն ունեմ նրա ծանոթներին անշունչ առարկաների նմանեցնել. այդ ցանկությունը չունեմ, ես միայն ուզում եմ հիշեցնել վագոնների մասին և ուրիշ ոչինչ։ Որովհետև ձեզ շատ է ուզում տեսնել Վահանը, որը ապօրինաբար յուրացրել է Տերյան ազգանունը և որը առայժմ ապրում է Բոգոսլովսկի նրբափողոցում, Պորտնովի տան № 5 բնակարանում, որպիսի հասցեով էլ ուզում է նամակ ստանալ իր լավ Անտյայից, իր բարեկամից, որին շատ է հարգում նրա լավ, անկեղծ հոգու և բարի սրտի համար։ Նույն ինքը՝
90. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Անտենկա
Անցա և ձեզ տանը չգտա։ Շատ ափսոս։ Վաղն առավոտյան ես տանն եմ մինչև ժամը 1-ը։ Երեկոյան չգիտեմ։ Ասենք, դա կերևա։ Մենք, հավանաբար, կտեսնվենք։ Եթե ժամը 10—11-ին անցնեք, տանը կլինեմ։ Առայժմ։