Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/304

Այս էջը հաստատված է
1909, 16 ապրիլի

Վերջապես կարող եմ գրել ձեզ, սիրելի Անտենկա։ Դեռ երեկ էի ուզում գրել, բայց ոչինչ չստացվեց, երկու խոսք չէի կարողանում կապել։ Տրամադրությունս նողկալի էր։ Սարսափելի միայնություն ու թախիծ էի զգում և, ձեզ հիշելով, ուզում էի գրել, բայց, ինչպես արդեն վերը նկատեցի, դրանից ոչինչ չստացվեց։

Իհարկե, պետք է սկսել ձեր նախորդ նամակից, որի առթիվ ես պատրաստվում էի ձեզ նախատել այն ամենի համար, որ ուզում էիք անել, բայց հիմա էլ չեմ ուզում։ Չարժե ձեզ նախատել, ես կուզենայի ձեզ գգվել, ոչ այնպես, ինչպես «այն» անգամ, այլ մեղմիկ, մաքուր, լավ, ինչպես գգվում է եղբայրը, լավ եղբայրը իր սիրելի քույրիկին։ Ինչո՞ւ կշտամբեմ։ Ինչո՞ւ խելքիս զոռ տամ։ Մի՞թե խելքով կարող ես հանգստացնել թախծոտ հոգին և մի՞թե դատողություններով կբուժես սրտի ցավը։ Ավելի լավ է լանք միասին, մեղմիկ լանք ու լռենք։ Դա ավելի շատ կօգնի մահացու թախծի ու վհատության րոպեներին։ Ավելի լավ է ամբողջովին անձնատուր լինենք հայեցողությանն ու փաղաքուշ անուրջներին, իրիկնային երազանքներին, որոնք չեն պահանջում անպայման իրականացում, այլ ինքնանպատակ են։ Ճիշտ այնպես, ինչպես երաժշտություն լսելիս դուք նրանից ոչինչ չեք սպասում բացի հենց իրենից, ունկնդրում եք ու լռում և ժպտում եք, և լալիս։ Մի՞թե դա լավ չէ։ Չէ՞ որ միայն արվեստը կարող է երջանկացնել մարդուն։ Ահա ես մի նախադասություն ասացի, որը պարզ չէ և բացատրություն է պահանջում, և շատ ցավում եմ, որ ստիպված եմ այդ անել։ Երբ ասում եմ, թե լոկ արվեստը կարող է մարդուն երջանկություն տալ, ես ուզում եմ ասել, որ երջանկություն կարող է տալ լոկ այն, ինչ կապված է մեր զգացմունքների հետ։ Դա նշանակում է, որ գիտությունն էլ կարող է տալ, բայց միայն դրա միջոցով, այդ ճանապարհով: Դե բավական է, չեմ բացատրի։ Չարժե։ Ահա նստած եմ մենակ։ Այսօր նույնպիսի օր է, ինչպես և երեկ: Ոչնչով լավ չէ, ավելի շուտ որոշ առումներով ավելի վատ է։