Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/31

Այս էջը հաստատված է

Բացի այդ, պետք է հասարակական գործիչն ինքը ցրե անտարբերությունը և մեռածությունը և եռանդ, հետաքրքրություն և սեր ստեղծե դեպի իր գործը և չսպասե, թե ահա հասարակությունը կգա և իր առատ գումարներով, գործակցությամբ և համակրությամբ կյանք կմտցնե գործում։

Եվ ամենից առաջ հարկավոր է մի ղեկավարող սկզբունք և կոնկրետ ու մտածած ծրագիր։

Իսկ ոչինչ չարած հրապարակ գալ պահանջելու, որ անդամ գրվեն, աջակցեն, կնշանակե պարտ խնդրել՝ առանց վայելելու պարտ տվողի հավատը, ավանս խնդրել՝ առանց հավատ վայելելու։

Այդ տեսակ գործը սկզբից մատնված է անհաջողության, և ես առաջինը երբեք անդամ չեմ գրվի մի այնպիսի ընկերության, որը ոչ հիմնավորված և մտածված ծրագիր ունի և ոչ ղեկավարող մի սկզբունք, որը կարծես գոյություն ունի գրասենյակ, նախագահ և վարչության անդամներ ունենալու համար։ Որը աշնան հողմատատան տերևի նման այսօր կամ վաղը պիտփ կտրվի իր անհաստատ բնից ու գլորվի դեպի հավիտենական անհայտություն: