Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/315

Այս էջը հաստատված է

ձեր գործերի և այլնի մասին ոչ մի լուր չունեմ։ Թե երբ կլինեք Մոսկվայում, ինձ նույնպես հայտնի չէ։ Ես այնտեղ կլինեմ ամսի 6-ին։ Եթե ինձ գրեք, շատ շնորհակալ կլինեմ և ուրախ, ինչպես նաև, հուսով եմ՝ ավելի ճշտապահ: Ուրեմն թույլ տալի՞ս եք ինձ իրավունք վերապահել ձեզ մոտ հյուր լինելու ասենք, թեկուզ, բարեկենդանին։ Ես լուրջ եմ հարցնում։ Հղում եմ ձեզ իմ լավագույն ցանկություններս, կուղարկեի նաև իմ բարեկամական համբույրը, բայց դուք, թերևս, բարկացած եք ինձ վրա և չեք ընդունի: Առհասարակ դուք վերջին ժամանակները, կարծես, սկսել եք վերաբերվել ոչ այնպես, ինչպես առաջ։ Չեմ ուզում ինձ արդարացնել, թեև կարծում եմ, որ ձեր առաջ ոչ մի մեղք չեմ գործել։ Չվիճենք ու չգժտվենք, ինչ կարիք կա։ Նոր տարի է գալիս։ Թող նա լինի վերակենդանացման և ուրախության տարի։ Ճշմարիտ, դուք լավ մարդիկ եք, Անտենկա, դուք և ձերոնք: Չգիտես ինչու, ես դրանում խորապես համոզված եմ։ Բարևեցեք Մարթային և ձեր ծնողներին։ Գրեցեք։ Շնորհավո՛ր ձեր Նոր տարին։

Միշտ անձնվեր

Վահան Տերյան

Հասցես՝ Պետերբուրգ, Արխիերեյսկայա, տ. 29֊ա, բն. 6։ Ներեցեք, որ գրում եմ այսպիսի պատառիկների վրա, ձեռքիս տակ թուղթ չկար։

105. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1910, 4 հունվարի, Ս.-Պետերբուրգ

Սիրելի Անտենկա

Ձեր բացիկից կարելի է եզրակացնել, որ լավ չեք, թեև այդ մասին որոշակի ոչինչ չեք գրում։ Ոչինչ չեք գրում ձեր մասին։ Իսկ դա շատ հետաքրքիր է։ Վաղուց է, ձեզնից մեծ նամակներ չեմ ստանում։ Գրում եք, որ բարկացած եք ինձ վրա իմ լռության և այն բանի համար, որ չեկա։ Լռությունս բացատրվում է նրանով, որ լավ չեմ, բացի այդ, չէ՞ որ նույնպիսի իրավունք ունեմ ձեզ