Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/318

Այս էջը հաստատված է

քեզ համար մասամբ հասկանալի։ Այժմ իմ գործերի ընթացքը շատ փոխվել է: Դեպի լավը՝ եթե հինը վատ համարենք (չէ՞ որ պայմանական է ամեն բան): Պարապում եմ։ Ուզում եմ, որ շուտ գաս, բայց միևնույն ժամանակ չեմ համարձակվում, թեև քո ներկայությունը կարևոր է (Ալմանախի համար)։ Բարևս Վարյային և այլն։ Եթե շուտ չես գալու՝ գրիր:


Վահան

108. Մ. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1916, 7 ապրիլի

Այս նամակը հասցեագրված է միայն ձեզ, Մարթա.

Շատ֊շատ տխրեցի, երբ կարդացի Մարթայի նամակը։ Նա ինչո՜ւ է հիշել ինձ։

Տխուր է։

Արդյոք երազա՞նքն է անլինելիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ։ Ինչ֊որ տարօրինակ զգացողություն է։ Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ և անակնկալ հեռացած մեկից է։ Կարծես հարազատ և տարորեն֊հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից։ Մի՞թե մենք կհանդիպենք։ Մի՞թե կմըտերմանանք երբևէ։

«Կուզենայի ավելի մոտիկ...» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»։ Ես էլ էի ուզում, հիշում եք։

Ինձ էլ խանգարեցին հանգամանքները։ Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել «ուզում եմ»։ Եվ մոտենալ։ Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը։ Երբեմն՝ այո։ Բայց չէ՜ որ ամեն մեկը չարժե դրան։ Գուցե ես էլ չարժեմ։ Իսկ դո՞ւք։ Չգիտեմ։ Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք։ Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում։

Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են։

Նրանց համար հանգամանքներ չկան։