Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/320

Այս էջը հաստատված է

Երեկ երեկոյան նամակ գրեցի և չեմ ուզում վերընթերցել, որովհետև եթե վերընթերցեմ, չեմ ուղարկի։ Դա արդեն գիտեմ: Իսկ ես ուզում եմ այսօր ուղարկել։ Մի բարկացեք ինձ վրա խառնափնթորության և անորոշության համար։ Տրամադրությունս այդպես էր՝ գրեցի, իսկ թե ինչ՝ չեմ հիշում, համենայն դեպս այն, ինչ զգում և մտածում էի։ Դուք նամակներն ուրիշներին տալու սովորություն չունե՞ք։ Ես սարսափելի չեմ սիրում դա։ Հասկանո՞ւմ եք ինչու։ Եթե ոչ, մի անգամ կբացատրեմ։ Եվ ապա՝ ընդունեցեք ողջույնս և լավագույն ցանկություններս։ Եթե գրեք, ուրախ կլինեմ կարդալ Ձեր ավելի երկար նամակը, քան նախորդն էր։

Վանան Տերյան

Անտենկան մեկնել է և նույնիսկ չի զանգահարել ինձ, խնդրում եմ, ասացեք նրան, որ դա լավ չէ։ Բարևեցեք։ Ի՞նչ նորություններ կան ձեզ մոտ։ Ինչպե՞ս եք ապրում, ինչպե՞ս է Ձեր առողջությունը։

109. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1910, 23 ապրիլի, Մոսկվա

Սիրելիդ իմ Ցոլ-Ցիլլեր

Երկու բաց նամակդ էլ ստացել եմ, սակայն մինչև այսօր ոչ մի հնարավորություն չեղավ պատասխանելու։ Գրելու բաներ շատ ու շատ կան, բայց չեմ կարողանում մարդավարի գրել։ Փորձեմ այս անգամ գոնե մի քանի տեղեկություններ տալու։ Կոլյային վերջերս չեմ տեսնում։ Այդ տիպը վերջերս… մի խոսքով, մոտ 300 ռուբլի (եթե ոչ ավելի) տարվել է կրկին և չի երևում։

Թե որտեղի՞ց և ինչպե՞ս է ճարել այդ փողը՝ երկար է պատմելը, միայն այսքանը կասեմ, որ իմ վրա շատ վատ ազդեց և մինչև այժմ չեմ կարողանում ազատվել նրա ճնշող տպավորությունից, մանավանդ որ այդ տարված գումարի մեջ կա և հասարակական մի գումար։ Իհարկե հասկանալի է, որ ես ոչ մի կերպ