Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/33

Այս էջը հաստատված է

պահում էր իրան ու որդուն, որին նվիրել էր իր մեղմ ու բարեհամբույր հոգու բովանդակ սերն ու հոգատարությունը։ Պետք է նկատել, որ հոր մահվանից հետո փոքրիկ Ալեքսանդրն ու իր մայրը մնացին դուրսը—անտեր ու անտուն։ Ահա այդ ժամանակ վերը հիշած հարուստ Սափարյանը, որ Ալեքսանդրի կնքահայրն էր, իր տներից մեկում բնակարան տվեց նոցա, և վերջինները մի կերպ պատսպարվեցին։ Այդ տունը Զաքաթալայի ամենաետընկած փողոցներից մեկում էր գտնվում և բաղկացած էր մի սենյակից ու մի նախասենյակից։ Դա մի կիսավեր ու խարխոզ խրճիթ էր, որ ուժեղ քամու ժամանակ դողդողում էր, նման այն խղճուկ խրճիթին, որ երգել է Խաչատուր Աբովյանը։ Անձրևի ժամանակ առաստաղը թրջվում էր և սկսում էր կաթել։ «Երեկոներին շատ տարիների ընթացքում, պատմում է բանաստեղծը, երբ մայրս կար էր անում, ես պառկած անկողնիցս դիտում էի առաստաղը, ուր հազար ու մի նկարներ էին գծագրվում — գայլ, արջ, աղվես, և ես ահաբեկված փաթաթվում էի վերմակիս մեջ ու աչքերս փակում»։ Անպայման այդ գայլերն ու արջերն ավելի անվնաս էին ու բարեմիտ, քան նոքա, որոնց ճանկերը պետք է ընկներ ապագայում մեծացած Սանդրոն՝ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը։

Երբ փոքրիկ Սանդրոն մի քիչ մեծացավ՝ նրան դպրոց ուղարկեց մայրը, բացի այդ, 8—9 տարեկանից նա սպասավորություն էր անում եկեղեցում, մի բան, որ պարծանքի ու ցնծության մի մեծ աղբյուր էր նրա մոր համար, որի ամենաջերմ փափագն էր, որ իր Սանդրոն ուսում առնե և, ինչպես ասում են, «մարդ դառնա»:

Բարերար-կնքահայրը—հարուստ Սափարյանը խորհուրդ էր տալիս Սանդրոյին աշկերտության տալ, ավելորդ շռայլություն համարելով այդպիսի չքավոր մարդկանց համար կրթությունը և ուսումը։ Մյուս կողմից էլ Սանդրոյի մորեղբայրը—քեռին, որ Զաքաթալայում դալլաք էր, առաջարկում էր իր քրոջը՝ որդուն իր մոտ աշկերտ տալու։ Սակայն մայրը թե՛ մեկին, թե մյուսին մերժում էր և շարունակում էր իր դառը աշխատանքով սնել ու պահպանել իր Սանդրոյին։ Բայց այնուամենայնիվ, երբ եղբայրը շատ թախանձեց, Սանդրոյի մայրը տեսնելով, որ իր եղբայրը մարդ չունի, ուղարկում էր Սանդրոյին՝ ազատ ժամանակ օգնելու դալլաք քեռուն։

[1]

  1. 3 Վահան Տերյան, հ. III