Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/331

Այս էջը հաստատված է

118. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1910 2 օգոստոսի <Ախալքալաք>

Սիրելի Ցոլակ

Նամակդ ստացա։ Չգիտեմ ինչո՞ւ ես էլ մինչև այժմ պատասխան չեմ ստանում էքսկուրսիա կազմող ուսանող Ծատուրյանից։ Պիճիկյանը ստացել է նրանից մի բաց նամակ, ուր հայտնում է, որ օգոստոսի 5-ին էքսկուրսիայի հարցը կպարզվի և լրագրներում կհայտարարվի նրա Թիֆլիսից դուրս գալու ժամանակը, նմանապես նա գրում է, որ ազատ տեղեր լինել չլինելը կպարզվի այն ժամանակ։ Ես մտադիր եմ ամսի 10-ին մոտ գնալ։ Պիճիկն էլ է գալիս հետս։ Հավանական է, որ Բորժոմի ճանապարհով գնանք։ Լավ կլինի, եթե դու էլ մեզ հետ լինես։ Գրածդ նամակից երևում է, որ տրամադրությունդ լավ չէ։ Հարցը այն տեսակ հարցերից է, որ ոչինչ ասել չեմ կարող, նամանավանդ, որ իմ դրությունը նմանապես շատ աննախանձելի է։ Դեռ մինչև այսօր չգիտեմ ճանապարհածախս պիտի ունենա՞մ (այսինքն հայրս պիտի տա՞), թե՞ ոչ։ Իսկ ձմեռս խոմ գիտես, որ ունեմ ընդամենը 15 ռ. ամսական։

К черту — будь что будет! ասում եմ ես, որովհետև այլ ելք չեմ գտնում, իսկ քեզ այդ խորհուրդը չեմ կարող տալ, սակայն կուզենայի, որ դու քեզ ավելի լավ զգայիր և դրա համար ինչպես ինքս ինձ եմ մխիթարում, այնպես էլ կմխիթարեմ քեզ — այս ամենը կանցնեն որպես մի սև ամպ, և մեր երկինքն էլ կպարզվի։ Ահա սա է իմ մխիթարանքը թե՛ իմ նկատմամբ, թե՛ քո։ Ինձ թվում է, որ այս գիտակցությունը, եթե ոչ լիապես, գեթ մասամբ կարող է մեզ մխիթարել։ Պսակդ շնորհավոր լինի։ Կանչում եմ բոլոր աստվածների օրհնությունը քո և Վառեայի վրա։

Ամառվա ընթացքում գրեթե ոչինչ չեմ արել։ Վերջերս թարգմանում էի «Սալոմե»-ն Օսկար Ուայլդի1։» Վերջ ի վերջո ճարեցի ֆրանսերեն բնագիրը։

Օնիկին գրել էի և ոչ մի պատասխան չկա — չգիտեմ ի՞նչ է պատահել դրան, շատ վաղուց է նամակ չունեմ։

«Գարուն»-ի գործերը այստեղ լավ են գնում, եղբայրս խոստանում է մի 40 — 50 բաժանորդ գտնել (20-ն արդեն գտել է) և ինձ թվում է, որ դա նրան կհաջողվի։ Ուրիշ տեղեր ինչպես է,