Մամուլում տպագրված է երեկույթի նկարագրությունը («Մշակ», 1910, № 97, 8 մայիսի. «Մի համակրելի գրական-երաժշտական երեկույթ»)։ Երկու օր հետո` մայիսի 2-ին նշվել է հոբելյանը։ Հոբելյանական հանդեսի նկարագրությունից երևում է («Մշակ», 1910, № № 99, 100, 101. 11, 12, 13 մայիսի), որ Տերյանը ամենագործոն մասնակցություն է ունեցել հոբելյանին (նա է կարդացել Նար-Դոսի ողջույնի նամակը, Սիմ. Բարիյանի և Օնոփ. Անոփյանի` հոբելյարին նվիրված բանաստեղծությունները, «Գարուն» ալմանախի խմբագրության ուղերձը և այլն)։ Այդ ուղերձը, որ ստորագրել են Կ. Կուսիկյանը, Կ. Միքայելյանը և Վ. Տերյանը, գրել է պոետը և հետաքրքրական է ինչպես Ծատուրյանի նկատմամբ նրա վերաբերմունքը պարզելու, այնպես էլ Տերյանի ստեղծագործության ամբողջական բնութագրի համար (բերված է հատորում)։
Մի քանի օր հետո` մայիսի 9-ի նամակում Տերյանը հոբելյանի մասին իր տպավորություններն է հաղորդում Ց. Խանզադյանին. «Հոբելյանը (Ծատուրյանի) տոնեցինք։ Դրա մասին երկար գրել չեմ ուզում — նկարագրությունը կկարդաս լրագրներում, իսկ ինտիմ կողմերի մասին կպատմեմ մի այլ անգամ... Հոբելյանի տոնին բուրժուազիի մեծ մասը բացակա էր։ Հետաքրքիր կուրյոզներ շատ կային, բայց գրելու հավաս և ուժ չկա։ Մի օր կպատմեմ։ Ավ. Իսահակյանը մի շատ լավ նամակ էր գրել, ուր թունդ կոթում էր թե ուսանողներին, թե ինտելիգենցիային, թե բուրժուազիային։ Մեծ էնտուզիազմ առաջացրեց կարդալիս»։
Տերյանի զեկուցման վերնագիրը եղել է «Ալեքսանդր Ծատուրյանի կյանքը և գործը»։ Երեկույթի պահպանված ծրագրում բերված է զեկուցման բովանդակությունը. «Մանկություն։ Դպրոց։ Հեռագրեեր ցրող։ Փայտի գողություն։ Դալլաքի աշկերտ։ Չքավորության երգը։ Անտուն որբություն։ Վարժապետը։ Քաղաքային դպրոցում։ Ոդիսականի սկիզբը։ Թիֆլիս: Խորթ հայրը։ Միկիտանները և կինտոները: Գործակատարը, Հին շորերի առևտրական: Թարգմանիչ։ Բար ջարդող բանվոր։ Զինվորական ծառայություն։ Արհեստավորաց դպրոցում։ Նոր ընկերներ և առաջին գրական փորձեր։ Դեպի հյուսիս։ Ուսուցիչ։ Գործակատար։ Ոդիսականի վերջը։ Միշտ կրկնվող, հավիտենական երգ։ Դատավորները։ Պատմության անիվը։ Պատմության հանաքները։ «Սրինգը մեծ բանաստեղծ էր»։ Մեր գրականության զարգացման երկու զուգընթաց հոսանքները։ Հայրենիքի և ազգության գաղափարը։ Ժողովրդական և գրական լեզու։ Գյուղը և նրա իդեալացումը։ Հովհաննես Հովհաննիսյան և Ալ. Ծատուրյան։ Օտար դաշտերից։ Մեռած կյանք։ Նոր հորիզոնների սահմանագծում»։
Ինչպես երևում է նաև այս ծրագրից, «Հուշարար»-ում տպագրված հոդվածի և զեկուցման մեջ շատ են տարբերությունները։ Զեկուցումը շատ ավելի հարուստ ու բազմակողմանի է եղել՝ «Պատմության հանաքները... Մեր գրականության զարգացման երկու զուգընթաց հոսանքները։ Հայրենիքի և ազգության գաղափարը։ Ժողովրդական և գրական լեզու։ Գյուղը և նրա իդեալացումը։ Հովհաննես Հովհաննիսյան և Ալ. Ծատուրյան... Նոր հորիզոնների սահմանագծում»։ Այս և մի քանի այլ հարցերի մասին «Հուշարար»-ում (ինչպես և «Չորոհատորյակ»-ի 4-րդ հատորում) տպագրված տեքստում գրեթե ոչինչ չկա։ «Մշակ»-ի 1910 թ. № 97-ում (8 մայիսի) թղթակիցը, շարադրելով Տերյանի ռեֆերատի