Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/347

Այս էջը հաստատված է

վանգակությունը, գրում է. «Ապա ռեֆերենտը շեշտեց, որ նրա (Ծատուրյանի— Վ. Պ.) աոաջին թարգմանական ոտանավորը իր ժամանակին մեծ հավանություն է գտել խոշոր վիպասան Րաֆֆու կողմից»։ Այս մասին ևս նշված տեքստում ոչինչ չկա։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Զեկուցումից տարի ու կես անց «Հուշարար»-ի խմբագիր Ա. Վրույրին գրած Տերյանի նամակից երևում է, որ պոետը «Հուշարար»-ին ուղարկել է ոչ թե «Ալեքսանդր Ծատուրյանի կյանքը և գործը» զեկուցման տեքստը, այլ նրա առաջին մասի՝ կենսագրության համառոտ ու սխեմատիկ շարադրանքը՝ «Բանաստեղծի կյանքի գլխավոր դեպքերը» վերնագրով (որ նորից է գրել)։ Նամակից երևում է, որ Տերյանը հոդվածը գրել է ոչ թե ներքին մղումով, այլ տեղի տալով Ա. Վրույրի և մանավանդ Ծատուրյանի խնդրանքին։ Վերջինիս՝ Ա. Վրույրին 1912 թ. դեկտեմբերին գրած մի նամակից երևում է, որ Ծատուրյանը այդ հարցով զբաղվել է վաղուց. «Վահան Տերյանը... այս օրերս կուղարկի քեզ կենսագրական ակնարկ իմ մասին» («Գրական ժառանգություն», գիրք առաջին, 1961, էջ 106)։ Ա. Վրույրի և Ծատուրյանի խնդրանքին տեղի տալու մասին Տերյանը չի գրել, բայց դա զգացվում է. «Եթե այդ «Կենսագրական նկատողությունը» տպեք,— գրել է Տերյանը,— խնդրում եմ անունս չդնեք տակը, որովհետև ես, ճիշտն ասած, ինքս գոհ չեմ այդ նկատողությունիցս, և չէի ուզենալ ստորագրել այն, իսկ հիմնավոր կերպով մշակելու և այնպես ուղարկելու ժամանակ չեղավ — հիվանդությունս խանգարեց»։ «Հուշարար»-ը տպագրեց այդ նյութը՝ «Ալեքսանդր Ծատուրյան» (կենսագրական նոթեր) վերնագրով, տակն էլ դնելով Տերյանի անվան ու ազգանվան սկզբնատառերը (Վ. Տ.) և հարուցելով բանաստեղծի դժգոհությունը։

Հնարավոր է, իհարկե, որ Տերյանի այդպիսի վերաբերմունքի պատճառը միայն ռեֆերատի անմշակությունը չէր (այն բավական մշակված է և միայն փոքր շտկումների կարիք կար), այլ նաև այն, որ փոխվել էր նախկին վերաբերմունքը Ալ. Ծատուրյանի նկատմամբ (այդ մասին հանգամանորեն գրել է գրականագետ Ռ. Զարյանը «Վահան Տերյանի մի ձեռագիրը» հոդվածում. «Խորհրդային գրականություն», 1937, № 1) ։

Անկարևոր հանգամանք չէ, օրինակ, որ Տերյանը իր «Բանաստեզծություններ»-ի 1-ին հատորում չգրեց Ծատուրյանին նվիրված «Աղբյուր» բանաստեղծությունը (նախապես տպագրված «Մթնշաղի անուրջներ»-ում, իսկ այդ շարքը մուծված էր աոաջին հատոր) կամ հետագայում երբեք չկրկնեց ռեֆերատում արտահայտած բարձր գնահատականը. «Ծատուրյանը մտցրել է մեր բանաստեղծական գրականության մեջ այնպիսի նուրբ, երաժշտական և գեղեցիկ էջեր, որոնք երբեք չեն մեռնի»։ Վերաբերմունքի այդ փոփոխությունը երևում է նաև Ստ. Զորյանի «Հուշերի գիրք»-ից (Երևան, 1958, էջ 210)։

«Հուշարար»-ին ուղարկված հոդվածում Տերյանը մի երկու տողով լրացրել է Ծաաուրյանի կենսագրությունը. «Այստեղից (Ժամհարյանների բանկից — Վ. Պ.) շուտով հեռանում է և մտնում Շորշորյանների գրասենյակը, որտեղ 15 տարի ծառայելուց հետո ստիպվում է հեռանալ հենց իր գրական գործունեության 25-ամյա հոբելյանին՝ որ կատարվեց Մոսկվա 1910 թ. մայիսի 2-ին, Այժմ Ծատուրյանն ապրում է որպես ազատ մարդ և ոչ մի տեղ չի ծառայում»։