Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/349

Այս էջը հաստատված է

Ա․ Ղազարյանն է). «Միթե Հոդվածագրին հայտնի չէ,— գրում է Բոգդանովիչը,— թե ի՜նչ հասարակություն է հաճախում Հայ գրողների ընկերության գրական երեկույթները, որ նրա — Նորերից մեկի — գաղափարակիցները արձանագրում են իրանց թերթում (հավանորեն նկատի ունի «Հորիզոն»֊ը— Վ. Պ.), թե « դահլիճը լիքն էր» («Մշակ», 1914, № 132, 19 հունիսի)։ Հիշենք, որ Թումանյանը ևս իր հեղինակությամբ ու ազգեցությամբ չկարողացավ թույլ չտալ, որ այդ դահլիճում 1913-ի վերջերին Տերյանը համարվի հայախոս ռուս, իսկ նրա պոեզիան՝ խորթ հայ գրականության ոգուն (Հայ գրողների ընկերության 20-րդ երեկույթում Վ. Ահարոնյանի զեկուցումը և Մ. Մատենճյանի ելույթը)։ Տերյանը ընտրել էր Երաժշտական ընկերության դահլիճը, որը, ինչպես ինքն է ասել, «հայ ազգայինների հարգանքը չէր վայելում»։

Դասախոսության մասին Տերյանը գրել է ընկերներից մեկին. «Լեկցիաս շատ ժողովուրդ չէր հավաքել —ընդամենը մի 200 մարդ հազիվ լիներ։ Մուտքը շատ չէր՝ 50—60 ռուբլի մաքուր մուտք մնաց ինձ, որ և հազիվ ծախքերս (այստեղ չէ՞ որ ապրում էի այսքան ժամանակ) ծածկեց։ Ես շատ ավելի էի սպասում և դրա համար էլ ծախք շատ եղավ — աֆիշների, ծրագիրների, բլեթների, հայտարարությունների և նմանապես ապրուստի։ Աջակցություն ոչ ոք ցույց չտվեց և լեկցիայիս կազմակերպությունը ամբողջապես ծանրացել էր Օնիկի (Օնիկ Օհանջանյանի— Վ. Պ.) և նրա կնոջ ու կնոջ քույրերի վրա։ Պետք է ասեմ, որ հակառակ նրանց ցույց տված աջակցության, մյուս կողմից — «մեր բարեկամների», «ծանոթների» և այլն կողմից ոչ միայն աջակցություն չկար, այլև շատ վատ ծածկված վատ վերաբերմունք, նույնիսկ թշնամանք։

Այս հանգամանքը բացատրության կարիք ունի, բայց շատ է երկար — մի օր կպատմեմ... Կարդացի լեկցիաս մի դահլիճում (Երաժշտական դպրոցի), որ հայ ազգայինների հարգանքը չէր վայելում։

Բացի այդ, իմ մտքերը ես մասամբ հայտնել էի մասնավոր խոսակցությունների մեջ, այնպես որ առաջուց շատերը տրամադրված էին հակառակ, մանավանդ հորիզոնա-դաշնակցականները։

Լեկցիայիս աշակերտներ չէին եկել — թանկության պատճառով։ Առհասարակ գները թանկ էին նշանակել սովորականից։

Հասարակությունը լսում էր ամենախորին ուշադրությամբ։ Լեկցիաս տևեց երկու ժամ, անտրակտը չհաշված։ Վերջում առաջարկեցին դիսպուտ անել — ես հրաժարվեցի (թույլտվություն էլ չէի վերցրել)։

Դաշնակները — հորիզոնիստները կատաղած էին, թեև այդ կատաղությունը զանազան արտահայտություն գտավ նայած ամեն մեկի կեղծավորության չափին։ Իսկ քանի որ այստեղ ինչ հորիզոնիստներին կատաղություն է պատճառում համարվում է («բնականից») մշակիստների կողմնակցություն — ուստի մշակիստները ինձ ողջունում էին։ «Մշակ»-ը առաջարկեց ամբողջ լեկցիաս տպել, ես էլ համաձայների, բայց հետո մի կողմից հալ չկար կարգի բերելու գրածս տպագրության հանձնելու համար, մյուս կողմից էլ լավ համարեցի առայժմ վերապահ մնալ։

Առհասարակ չեմ կարող ասել, որ այստեղի «գրական» ընտանիքը սիրով ընդունեց ինձ—ընդհակառակը, ես ինձ շարունակ շատ մենակ ու հեռու եմ զգում։