Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/350

Այս էջը հաստատված է

Առաջարկություն եղավ նույնպես առանձին տպելու լեկցիաս — բայց ես հրաժարվեցի այդ բոլորից, չկամենալով երկու թայֆաներից որևէ մեկին հենարան ծառայել կամ գործիք լինել:

Առերես հետս լավ են իհարկե բոլորը: Բայց զգում եմ խորը և գիտեմ հաստատ, որ լավ չէ նրանց սիրտը իմ վերաբերմամբ» («Չորսհատորյակ», 4-րդ հատոր, էջ 359-360)։

Դասախոսությունը լսել է այն ժամանակ սկսնակ գրող Ստ. Զորյանը և իր տպավորությունները հետագայում գրի է առել։ «Տերյանը զուրկ էր հռետորական ձիրքից, այդ պատճառով ոչ թե խոսում, այլ կարդում էր գրածը, կարդում էր թույլ, ոչ այնքան արտահայտիչ ձայնով և հաճախ հազալով (այդ ժամանակ մաշող թոքախտն արդեն բուն էր դրել նրա կրծքում դժբախտաբար). Բայց չնայած դրան՝ հասարակությունը լսում էր նրան լարված, որովհետև նրա հայտնած մտքերն ու կարծիքները նոր էին և հետաքրքրական. հետաքրքրական էին ոչ միայն նրա դրական ու բացասական կարծիքները մեր այս կամ այն հեղինակի մասին, այլև քաղաքական մեկնաբանությունները՝ այսինքն՝ դասախոսության քաղաքական կողմը» («Հուշերի գիրք», 1958, էջ 191)։

Ամենից առաջ այդ քաղաքական կողմն էր հակառակորդների զայրույթի պատճառը։ Զորյանը հաղորդում է նաև, որ Տերյանը «համոզված, ամբողջ էությամբ» հակառակ էր ազգայնական հոսանքներին։ «Այդ էր պատճառը, գրում է Ստ. Զորյանը,— որ ազգային թերթերից մեկը (կարծեմ «նոր ուղին») դասախոսության հաշվետվության մեջ հեգնեց Տերյանին՝ նրա քաղաքական իդեալների համար։ Երբ այդ մասին հայտնեցի նրան՝ նա չզարմացավ.

— Ես ուրիշ վերաբերմունք չէի սպասում»։ («Գրական թերթ», 1940, № 1, 10 հունվարի)։

Տերյանը այդ ժամանակ մարքսիստ չէր, բայց հանդիսանալով ժամանակի առաջավոր շատ հայացքների արտահայտողը, կանգնել էր դեպի մարքսիզմ տանող ուղու վրա: Այդ էր հակառակորդների հարձակումների պատճառը։

«Հին ուժերը «Նոր ույժի» էջերում» հոդվածում բողոքելով «տարրական կոռեկտության սահմանները» ոտնահարող պարոնի դեմ, Ս. Բոգդանովիչը գրում է. «Վ. Տերյանի դասախոսությունը մի լուրջ ուսումնասիրություն էր, ուր որոշ անհերքելի ճշմարտություններ կային և որ միայն հայ հասարակության գիտակից անդամները ողջունել կարող են և ցանկալի կհամարեն այդպիսի շատ դասախոսություններ լսել, քան թե այն տափակ ու տիրացուական ճառերը, որոնք տեղի են ունենում մի այլ տեղ» (1914, № 132, 19 հունիսի)։

«Հայ գրականության գալիք օրը» չի եղել պատահական, անցողիկ տրամադրությունների արտահայտություն։ Տերյանագիտության մեջ ասվել է, թե այս դասախոսության «միջուկը» այն ռեֆերատն է եղել, որ պոետը կարդացել է 1913 թվականին Հովհ. Հովհաննիսյանի լեզվի ու ոճի մասին՝ նրա գրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված երեկույթում.

[1]

  1. ·Այդ ժամանակ «Նոր ուղի» հայերեն պարբերական չի եղել, հավանորեն խոսքը «Նոր ույժ» թերթի մասին է, որը հրատարակվում էր Թիֆլիսում և որի մեջ իսկապես հոդված տպագրվեց Տերյանի դասախոսության մասին (1914, №2):