Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/355

Այս էջը հաստատված է

«Հոգևոր Հայաստան»-ը իրարամերժ գնահատականների է արժանացել ու բուռն վեճեր առթել։ Վեճն սկսեց «Մշակ»-ի 1915 թ. № 3-ում (6 հունվարի) տպագրված «Նվեր մեր տրուբադուրներին» հոդվածի հեղինակը։ Մեր նպատակից դուրս համարելով նրա բոլոր կարծիքներին անդրադառնալը, առանձնացնում ենք երկուսը:

ա) «Եթե Հայաստանը պիտի զարթնի, թող նա զարթնի իր հոգևոր փառքով։ Հոգևոր փառքով, հոգևոր Հայաստան է քարոզում Տրուբադուրը» (Վ. Տերյանը - Վ. Պ.)։

բ) «...Դեռ և այսօր խլում են տակավին մեր սրտի հետ մեր լեզուն էլ և նաև ազգային այլ դրոշմներ, ուստի և կսկիծով գանգատվում է բանաստեղծը, որը տոչորված է հոգևոր Հայաստանը վերածնված տեսնելու տենչովը»։

Հոդվածագիրը ճիշտ է նկատել, որ Տերյանի հոդվածը ըստ էության ուղղված էր փոքր ժողովուրդներին ձուլելու, նրանց ինքնությունը վերացնելու տարական մեծապետական քաղաքականության դեմ։ Չէ՞ որ առանց հոգևոր-կուլտուրական արժեքների՝ հայոց լեզվի, հայ մշակույթի հայրենիքի մասին խոսքն իսկ կդառնար ավելորդ:

Հետաքրքրական է «Մշակ»-ում տպագրված մի այլ «հոգևոր Հայաստանը» (մի բանակռվի առիթով)» հոդվածը (1915, №70, 5 ապրիլի)։ Ազգը, ժողովուրդը, ասում է հոդվածագիրը, ապրոմ է իր հոգևոր մեծությամբ. «...Հոգևոր ասելով մենք պետք է հասկանանք նրա (ազգի — Վ. Պ.) մտավոր և հոգևոր պտուղների կուլտուրականությունը։ Հոգեպես մեծ է այն ազգը, որը թե իր անցյալում և թե ներկայումս տվել է մարդկությանը նշանավոր գիտնականներ, գրողներ, փիլիսոփաներ, երաժշտագետներ և այլն, ինչպես օրինակ՝ հին Հունաստանը, այժմյան Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իսկ փոքր ազգերից՝ Բելգիան, Լեհաստանը և եթե կուզեք՝ թափառաշրջիկ ու բոլորից հալածվող հրեան։

Այս ազգերը մեծ են և անմահ՝ անկախ իրանց քաղաքական կազմի արդի վիճակից»։

«Հոգևոր Հայաստան»-ը մեր գրականության ու լեզվի, մեր հոգևոր արժեքների պաշտպանության համարձակ ու ազնիվ փորձ էր։

Եվ այդպես են մտածել ու Տերյանին այդպես հասկացրել մեր դեմոկրատական ինտելիգենցիայի շատ ներկայացուցիչներ։ «Ռուսահայ գեղարվեստական կյանքը 1916 թ.» հոդվածում Գ. Լևոնյանը գրել է. Մեր նման ազգի համար «գրիչը սուրեն զորավոր է», «մեր փրկությունը մեր կուլտուրական կյանքի մեջ է, ըստ մյուս բանաստեղծի «հոգևոր Հայաստան» ստեղծելու մեջ» («Մշակ», 1917, №1, 1 հունվարի)։

1. «Nomina sunt odiosa» արտահայտությունն է (լատիներեն), որ նշանակում է «անունները ատելի են», անունները չտանք։

10. Արջի ծառայության (էջ 119)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, №10 (17 հունվարի) «Վ. Տ.» ստորագրությամբ։