դեմիրճյանների ու կուրղինյանների շարան»-ի մասին։ Վարանդյանի այդ հոդվածի դեմ բողոքեց Դ. Դեմիրճյանը «Շտկենք», բայց չվիրավորենք» «Նամակ խմբագրության»-ով («Հորիզոն» 1916, №29, 7 փետրվարի)։
Թերթի նույն համարում խոսելով Դեմիրճյանի նամակի մասին Մ. Վարանդյանը հայտնում է, որ այն տպագրվում է գրողի կրկնակի բողոքից հետո։ Եվ ապա՝ «նրա գանգատի ոգու հետ համամիտ է, ի մեծ զարմանս իմ, և պ. Հովհաննես Թումանյանը, և նա կուզե, որ ծանուցանեմ այդ։ Հ. Թումանյանի ասելով՝ վիրավորական է հենց այն հանգամանքը, որ անունները գործածված են հոգնակի ձևով... տերյաններ, իսահակյաններ, դեմիրճյաններ»։
Ի պատասխան Ա․ Չոպանյանի, Մ. Վարանդյանի և մյուսների ելույթների, Տերյանը, ահա, հանդես եկավ «Մի բացատրություն»-ով։ Վեճը սակայն դրանով չվերջացավ։ «Հորիզոն»-ի № 44-ում (26 փետրվարի) նորից հանդես եկավ Մ. Վ(արանդյան)֊ը «Եվ դարձյալ մեկը» հոդվածով։ Այս անգամ, հակառակ փաստերի, և մեջբերումները անդամահատելով, նա փորձում է հայ լեզվի ու գրականության բարեկամի դիրքերից քննադատել մեր գրականության ամենապայծառ աստղերից և հայ լեզվի ամենամեծ վարպետներից մեկին։ Հոդվածի վերջում Մ. Վարանդյանը Տերյանին խորհուրդ է տալիս բանավեճի մեջ չմտնել, այլ «հոգեկան անդորրության» մեջ բանաստեղծություններ գրել։ Տերյանը, իհարկե, չշարունակեց բանավեճը և այդ ոչ այն պատճառով, որ լսեց Վարանդյանի խորհուրդը, այլ որովհետև արհամարհեց իրեն՝ Մ. Վարանդյանին։ Վերջինիս վերջին հարված հասցնելը իր վրա վերցրեց և փայլուն կերպով իր դերը կատարեց պոետի դասընկեր Հ. Համբարձումյանը («Հորիզոն», 1916, №57, 12 մարտի):
15. Պատասխան Ավետիք Ահարոնյանի «Բաց նամակ»-ին (էջ 140)
Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1916, № 148 (6 հուլիսի)։ Մենք տպագրում ենք ըստ «Արև» թերթում հրատարակված տեքստի (1916, № 148, 8 հուլիսի։ «Հորիզոն»-ում կան որոշ տարբերություններ)։ Տերյանը «Պատասխան...»-ի վերջում գրել է. «PS. խնդրում ենք այն լրագրներից, որոնք արտատպել են պ. Ահարոնյանի նամակը հանուն ճշմարտության՝ արտատպել և մեր այս նամակը։ Վ. Տ.»։ «Արև»-ը այս «PS» փոխարեն Տերյանի «Պատասխան.․.»֊ին կցել է խմբագրության հետևյալ ծանոթությունը. «Տպագրում ենք Վահան Տերյանի այս ընդարձակ պատասխանը։ Մանրամասնությունների մեջ չմտնելով՝ նկատենք, որ էական խնդիրը մնում է անպատասխան, Ահարոնյանի «Մայրեր»֊ից մեծ հատվածներ են հանված։
Արև»-ի № 145-ում պ. Վ․ Մենակ երկու պարբերական էր բերել, որ շատ պարզ կերպով ապացուցում է այդ: Սա ինքնըստինքյան անթույլատրելի է։ Թարգմանիչը իրավունք չունի իր ճաշակով և հասկացողությամբ այնքան նախադասություններ նետել։ Հարցի էությունը այստեղ է, և գրողը կատարյալ իրավունք ունի այդ խնդրում»։
«Պատասխան.․.»-ը իր պատմությանն ունի։ «Մայրեր»-ը է. Քալանթարի թարգմանությամբ և Մ. Գորկու խմբագրությամբ տպագրվել էր «Сб.арм.