առած մարդ էր— պետք էր աշխատել, աղքատ մարդը իրավունք չունի մանուկ լինելու, նա պետք է շուտ մեծանա, փող աշխատի, իր գլուխը պահի. աղքատ մարդուն ինչ կսազի երեխա լինել, խաղալ, անգործ ման գալ: Ահա այդ ժամանակ 12 տարեկան Սանդրոն պետական ծառայության մտավ տեղական հեռագրատանը։ Հեռագրեր ցրող դարձավ։ Մայրը հեռագրատան կառավարչի տանը աշխատում էր, իսկ ինքը Սանդրոն հեռագրեր էր ցրում, և երկուսը միասին 4 ռուբլի ռոճիկ էին ստանում։
Բայց չէ՞ որ Սանդրոն դեռ աշակերտ էր, նա դեռ սովորում էր ծխական դպրոցում։ Այդ ոչինչ։ Աղքատ մարդը պետք է կարողանա և՛ հեռագրատան ծառայող լինել, և՛ աշակերտ։ Երբ Սանդրոն դպրոց էր գնում, նրա մայրը բերում էր հեռագրերը դպրոց, և Սանդրոն վազեվազ տանում ցրում էր այդ հեռագրերը քաղաքում, իսկ երբ հեռագրերը շատ էին լինում, կամ պետք էր լինում մի հեռու տեղ տանել, նա նորից ուշանում էր դասին և պատժվում։ Երբեմն էլ կես-գիշերին Սանդրոյին արթնացնում էր հեռագրատան պաշտոնյան և ստիպում որևէ հեռագիր տանել տիրոջը, եթե այն մի պաշտոնական անձ էր։ Վեր էր կենում խեղճ Սանդրոն անուշ քնից և ցուրտ ու մութին, ցեխոտ ու ամայի փողոցներով, անձրևի տակ ոտաբոբիկ վազում—պետք էր գնալ, ինչ աներ, իսկ մայրը, օ՜, ինչ կարող էր անել խեղճ ու հիվանդոտ մայրը, ամբողջ օրը չարչարված, իր կյանքը օտարների դռանը մաշած խեղճ մայրը. նա անքուն սպասում էր որդու գալուն, երբեք կուշտ չկերած ու կուշտ չքնած սուրբ մայրը։
Այդ ամենը ոչինչ. տանում էր մայրը որպես մի քրիստոսյան խաչ, միայն թե Սանդրոն, իր սիրած Սանդրոն մեծանար, ուսում ստանար, մարդ դառնար։
Ահա թե ինչպես էին անցնում փոքրիկ Սանդրոյի՝ ապագայում բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի մանկության տարիները։ Ծատուրյանի հայրը և մայրը վրացախոս հայերից էին։ Հայերեն կարդալ-գրելը նախքան ծխական դպրոց մտնելը սովորել է մի կույսի մոտ, որը ամենայն ճշտությամբ պահպանում էր տեր-թոդիկյան հռչակավոր դասավանդության եղանակը այբ-ժե-ճե-ռա-ի մեթոդը և քոթակի ու քանոնի հանրածանոթ սիստեմը։ Սակայն հայերենին Ծատուրյանը սկսում է տիրապետել ծխական դպրոցում։ Նրա ուսուցիչը Արշավ Ագապյանն էր, մի վերին