Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/361

Այս էջը հաստատված է

կամ «Հողային հարց» վերնագրելը ոչ բոլորովին նպատակահարմար է։ Ինչ որ մեկն ասաց, որպեսզի շապկի վրա տպագրվի «Նամակներ հողային հարցի մասին»։ Հիմա ես չեմ կարող հիշել, թե հատկապես ո՛վ առաջինը առաջարկեց հենց վերնագրի մեջ որոշակի ընդգծել Վ. Ի. Լենին ի դերը—որպեսզի ապագա ընթերցողը հենց սկզբից իմանա, որ բրոշյուրում խոսքը հատկապես լենինյան ծրագրի մասին է լինելու» (էջ 123։ Ընդգծումը մերն է — Վ. Պ.)։ Այնուհետև Կարինյանը հաղորդում է, որ զրույցների և վեճերի ընթացքում Տերյանը եկավ այն եզրակացության, թե վերնագիրը պետք է լինի պարզ ու սուր․ «Այդպիսի վերնագիրը, նրա կարծիքով, կարող էր և պետք է հարվածեր թշնամիներին ու բոլոր հակառակորդներին, իսկ ժողովրդի բոլոր բարեկամներին հենց այդպիսի վերնագիրը պետք է էլ ավելի կապեր կուսակցությանը։ Եվ ահա՛, մի գեղեցիկ օր, Տերյանը հայտարարեց, որ պատրաստվող իր բրոշյուրը ավելի հրատապ կլինի, եթե ապագա ընթերցողները նրա շապկի և անվանաթերթի վրա կարդան. «Ի՞նչ է ասել Լենինը գյուղացիներին հողի մասին»:

Այդպես էլ որոշվեց։ Աշխատանքը Պետերբուրգում տպագրել չհաջողվեց, սակայն հետո մի քանի անգամ հրատարակվեց Մոսկվայում և Բաքվում» (նույն տեղում, էջ 124)։

Բարեբախտաբար ունենք այլ վկայություն ևս։ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և հայ կուլտուրայի ծաղկումը» հոդվածում Ա. Կարինյանը ուղղակի գրել է. «Տակավին մինչև Հոկտեմբերյան ռևոլյուցիան Տերյանը, Ստ. Շահումյանի առաջարկով, գրում է «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին հողի մասին» աշխատությունը» («Պատմա֊բանասիրական հանդես», 1958, №1, էջ 6։ Ընդգծումը մերն է — Վ. Պ.)։

«Երեք հանդիպում» հոդվածում ևս Տերյանը հետաքրքրական տեղեկություններ է հաղորդում խնդրո առարկա հարցի մասին։ Շահումյանին «...ծանոթանալու բախտին,— գրում է Տերյանը,— ես արժանացա միմիայն Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին, երբ նա Պետերբուրգ էր եկել «Դեմոկրատիկ համաժողովին» մասնակցեԼու, և երբ մենք հանդիպեցինք արդեն իբրև կուսակցական ընկերներ... Եվ հիշում եմ, թե որպիսի սիրով ու եռանդով մենք գործի կպանք, երբ փոքրիկ խորհրդակցություններից հետո որոշվեց ձեռք զարկել մի շարք ագիտացիոն բրոշյուրների հրատարակության, և երբ նա խոսք առավ մեզնից, որ երեք օրվա ընթացքում մեզնից ամեն մինը մի փոքրիկ բրոշյուր գրի չարաբախտ հիմնադիր ժողովի նախընտրական ագիտացիայի համար»։

Ուրեմն «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» բրոշյուրը Տերյանը սկսել է գրել 1917 թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին և ավարտել ոչ ուշ քան նոյեմբերի առաջին օրերը։

Տերյանը իր աշխատությունը համարել է հոդված և ծանոթագրության մեջ նշել, թե ինքը այն կազմել է. «Այս հոդվածը կազմելիս,— գրել է նա,— մենք աչքի առաջ ենք ունեցել Լենինի հոդվածներն ու մանավանդ այն ճառը, որ արտասանել է Լենինը 1917 թ. մայիսի 22-ին Գյուղական Պատգամավորների Խորհրդում»։