Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/392

Այս էջը հաստատված է

59

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։ Նամակ գրված է «Станция Минеральные Воды» բացիկի վրա, Մոսկվայում ստացվել է ապրիլի 13-ին: Նամակը ուղարկված է Վլադիկավկազից (այժմ Օրջոնիկիձե, Հյուսիս-Օսեթական ՍՍ ինքնավար հանրապետության մայրաքաղաք)։

60

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):

Նամակի վրա գրված է «17 ապրիլի»: Տարեթիվը և գրության տեղը որոշել ենք ըստ բովանդակության։

1 «Մթնշաղի անուրջներ»-ի։

2 Ցոլակի հայրը քահանա էր, «Պոպով»-ը կատակով է ասված։

3 «Վտակ»֊ի 1908 թ. № 79-ում (17 ապրիլի) «Գ. Ի.»-ն (Գասպար Իփեկյան) գրել էր, որ «Գեղարվեստ» հանդեսի առաջին համարում տպագրված բանաստեղծություններից «շատ սիրուն է «Ցնորք» Վահան Տերյանի, որուն մեջ անկեղծ ներշնչում մը կթրթռա»։ «Վտակ»֊ում հոդվածն անստորագիր է։ Տասնամյակներ անց «Հայրենիք» ամսագրում (1951, № 12), «Կովկասի մեջ 1908-ին» հոդվածում, Գ. Իփեկյանը ասում է, որ ինքն է «Վտակ»֊ում տպված գրախոսության հեղինակը։

4 Խոսքը «Գարուն» ալմանախի մասին է:

5 Խոսքը Ավ. Իսահակյանի սիրած աղջկա՝ Սոֆյա Քոչարյանի մասին է:

6 Այդ տարիներին «Մամուլ» պարբերական չի եղել, հավանորեն խոսքը 1907—1908 թթ. Թիֆլիսում հրատարակվող «Անկախ մամուլ» օրաթերթի մասին է, որի խմբագիր-հրատարակիչներից մեկն էր Արամ Տեր-Գրիգորյանը։ Թերթին աշխատակցում էր Վահան Տերյանը։

7 Կարծում ենք խոսքը «Գործ» գիտական-տնտեսական-հասարակական և գրական երկշաբաթաթերթի մասին է, որ հրատարակվում էր Թիֆլիսում 1908-ին և որի «փաստացի» խմբագիր-հրատարակիչն էր Բ. Իշխանյանը (1879 — 1921) — ՀՍԴԲԿ (սպեցիֆիկների) ղեկավարներից։

8 Ավոն — Ավետիք Իսահակյանը «Վտակ»֊ի 1908 թվականի № 11-ում (16 հունվարի) տպագրված «Հայոց գրականությունը 1907 թվին» հոդվածում («Ավ. Իս.» ստորագրությամբ) հիշում է «…պարբերական մամուլի մեջ երբեմնակի լույս տեսնող՝ Վ. Տերյանի… մի քանի գեղեցիկ «ոտանավորները»: 1907-ին պարբերականներում լույս էին տեսել Տերյանի հետևյալ բանաստեղծությունները. «Fatum» («Հուշարար», № 10), «Անջատման երգ» («Նոր կյանք», № 29), «Հրաժեշտի խոսքերից» («Նոր կյանք», № 29), «Աշնան տրտմություն» («Նոր կյանք», № 34), «Կոշմարը» («Երկրի ձայնը», № 23), «Հոկտեմբերին» («Երկրի ձայնը», № 28)։