Խոսելով 1907 թվականի «դրական բերքի» մասին, Իսահակյանը նկատում է, որ «ներկա ռուս գրականության մեջ» «ցայտուն կերպով իր տեղն է պահանջում… հեթանոսական տրամադրությունը — կյանքի, մարմնի, արևի վայելքը»։ Ապա անցնելով այդ տրամադրության «գերագույն և անխառն արտահայտողներին» և առաջինը հիշելով Արցիբաշևին ու նրա «Սանին» վեպը (նաև Սոլոգուբին և մյուսներին), Իսահակյանը գրում է. «նրանց գրվածքների մեջ քարոզվում է մարմնի կուլտ, մարմնի սրբազնությունը, ֆիզիոլոգիական անարխիզմ, սեռական անարխիզմ. նրանց հերոսները հասարակական մորալ չունին. այլ միայն նրանց ձգտումն է մարդկային մարմնի ազատագրությունը, զգայական երջանկությունը, աբսոլյուտ ինդիվիդուալիզմը.— նրանք քարոզում են, թե՝ ամեն բան թույլատրելի է, ոչինչ չկա արգելված. արա՛, ինչ-որ կարող ես, և ազատվիր հին կյանքի նեղ օրենքներից և ձգտիր մեծ հրապույրներին և մրրկալից գայթակղություններին. կորչեն բոլոր պարտականություններն ու օրենքները՝ հասարակական և բարոյական, կորչեն աստվածներն ու առաքինությունները. գոյություն ունի աստվածների մեջ մի աստված — եսը, հաճույքը. գոյություն ունի մի առաքինություն — կյանքը, հաճույքը. մարդը միջոց չի, այլ ինքնանպատակ, և ամեն ինչ, և ամեն ինչ մարդու եսի համար է. կեցցե մարդու եսը»։ Փորձելով բնութագրել, թե ինչի են հետամուտ այդ «նորերը», Իսահակյանը գրում է. «Եվ նրանց գեղարվեստը չարի և բարիի նպատակներ չունի. մորալ չի որոնում, այլ միայն գեղեցիկը»: Սանինիզմի սկզբունքների այս շարադրանքը, թե ինչ են ասում նրանք, Տերյանը կատակով «քարոզել» է համարել։ Հնարավոր է, որ Տերյանը ակնարկում է նաև Իսահակյանի սրված գնահատականների որոշ մեղմությունը, ոչ վճռական բնույթը։ Թեև պոետի բացասական գիրքը կասկած չի հարուցում՝ մեծ ժողովրդասերն ու մարդասերը, այլև «երկնային» ու «հավերժական սիրո» երգիչը իր հիասքանչ երգերով միայն նողկանք է հարուցում սանինիզմի դեմ:
64
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
Ծրարի վրա Ց. Խանզադյանի ձեռագրով գրված է. «Ապշեցուցիչ բան՝ այս նամակը было не распечатано! Բաց արի միայն 26/5 1925!»։
1 Խոսքը Լեոյի՝ «Գլխավոր հոսանքները հայոց գրականության մեջ» դասախոսության մասին է (հօգուտ կովկասյան հայոց բարեգործական ընկերության) (տե՛ս «Վտակ», 1908, № 84 (23 ապրիլի) և ուրիշ)։
2 Խոսքը «Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ» ռուսական былича-ի մասին է, որ տպագրվեց 1908-ին («Գրական-գիտական ժողովածու», էջ 15 — 24)։
3 Տե՛ս № 54 նամակի 1-ին ծանոթագրությունը։
4 Տե՛ս № 60 նամակի 6-րդ ծանոթագրությունը։