հալածում է բախտը, և նա մի գիշեր թողեց իր թուրք ընկերներին ու փախավ, առանց ետ նայելու փախավ դեպի Թիֆլիս, ուր մի ժամանակ թափառական կյանք էր վարում, ապա մի մթերավաճառի մոտ գործակատարի պաշտոն ստացավ։
Այստեղ նրա պաշտոնը դարձյալ կարճ տևեց, որովհետև մի օր խանութպանը նկատելով, որ իր գործակատարը լրագիր է կարդում, առանց այլևայլության դուրս արեց նրան։ Ապա նա դառնում է մի մահուդ ծախողի գործակատարը, և այստեղից էլ նրան դուրս են անում դարձյալ լրագիր կարդալու համար։
Կրկին թողնում է Ծատուրյանը Թիֆլիսը և այս անգամ գնում է Մանգլիս, ուր այնտեղի զորագնդին մթերքներ մատակարարող մի գինեվաճառի մոտ դախշիդարի պաշտոն է ստանում։ Շարունակվում է նույն չարքաշ կյանքը, նույն անմխիթար կացությունը։
Մանգլիսից Ծատուրյանը մերթ ընդ մերթ հայ լրագրներին տեղեկություններ է տալիս այնտեղի հայերի կյանքից և մի քանի փոքրիկ թղթակցություններ է գրում։ Մի ժամանակ այդտեղ ապրելուց հետո, նա կրկին վերցնում է իր ճամփորդական ցուպը և չվում դեպի Թիֆլիս՝ նորից իր ուսումը շարունակելու երազով ոգևորված։
Փորձում է գիշերօթիկ մտնել Ներսիսյան դպրոցը, սակայն նրան ամենակոպիտ ձևով մերժում են, ասելով, որ առանց նրան էլ ձրիակերներ շատ կան։ Վերջ ի վերջո հաջողվում է 10 ռուբլի ամսաթոշակ գտնել — 5 ռ. մի մասնավոր մարդուց և 5 ռ. Բարեգործական ընկերությունից և մտնել արհեստավորաց դպրոցը։
Այստեղ մի կարճ ժամանակ Ծատուրյանը դադար առավ, մի քիչ հանգստացավ և անձնատուր եղավ իր սիրած գրական զբաղմունքներին, մի քիչ ազատ շունչ քաշեց։ Ասացի ազատ շունչ քաշեց, բայց այդ խոսքերը պետք է ընդունել կարևոր վերապահումներով։ Ես ուզում եմ ասել, որ նրա կյանքը այստեղ նմանվեց սովորական չքավոր աշակերտների կյանքին, ավելի ոչինչ։ Ամենից մխիթարական երևույթը մեր բանաստեղծի կյանքի այս շրջանում այն էր, որ այստեղ նա գտավ իրեն համամիտ ընկերներ և բարեկամներ, որոնց հետ կյանքի տանջանքներն ավելի թեթև են անցնում, և զրկանքները հանաքի են տրվում, որքան և ողբերգական լինի այդ հանաքը, նա, այնուամենայնիվ, թեթևացնում է և մխիթարում։ Այս շրջաններում Ծատուրյանի մոտիկ ընկերը դարձավ մեր հայտնի բելետրիստ նար-Դոսը։ Ապա նա ծանոթացավ Արսեն քահանա