Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/42

Այս էջը հաստատված է

իր ուսուցչական պաշտոնը այդ ընտանիքում, ապա հեռացավ և պաշտոն ստանձնեց ժամհարյանների բանկում։

Մոսկվայում Ծատուրյանն ընկավ ուսանողական շրջանները և շարունակեց իր ինքնակրթությունն ու գրական աշխատությունը։ 1888 թվից նա շարունակաբար աշխատակցում էր «Մուրճ»-ին, և նրա անունը հայտնի դարձավ հայ հասարակությանը։ 1891 թվին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը: Այստեղ ես վերջացնում եմ Ծատուրյանի համառոտ կենսագրությունը, միայն պետք է ավելացնեմ, որ թեև Մոսկվայում նրա կյանքը ավելի ապահով էր, սակայն այստեղ ևս նա իր էությունը չէր փոխել, այստեղ ևս մեր բանաստեղծը մինչև վերջին ժամանակները վարում էր մի աշխատավորի ծանր կյանք, որ միշտ խոչնդոտ է հանդիսացել նրա գրական աշխատանքին։ Նա երբեք ժամանակ չի ունեցել ամբողջապես իր սիրած գործին նվիրվելու, ստիպված է եղել իր թանկագին ժամանակը վատնելու օտարների դռանը մի կտոր հացի համար։

Ալեքսանդր Ծատուրյանը իր գրական 25-ամյա գործունեության ընթացքում ստացել է 29 ռուբլի հոնորար, այսինքն տարեկան 1 ռ. 16 կոպեկ։

Իհարկե այս թռուցիկ կենսագրական տեղեկությունները չեն կարող ամբողջապես պատկերացնել Ծատուրյանի կյանքի պատմությունը, և չոր փաստեր արձանագրելով ես շատ լավ զգում եմ, որ կարևոր է և հետաքրքիր նոցա ներքին բովանդակությունը ևս բանալ, կանգ առնել պոետի մտավոր և հոգեկան վերապրումների վրա և այլն, սակայն այդ ամենը մեզ շատ հեռուն կտաներ, և այս օրվա երեկույթի շրջանակները ինձ թույլ չեն տալիս ավելի մանրամասն կանգ առնելու բանաստեղծի կյանքի բոլոր էջերի վրա, իրերի խորքը և հարցերի հեռուն գնալու։ Թողնում եմ, որ հարգելի ունկնդիրներիս երևակայությունը լրացնե իմ գծած կիսատ պատկերները և ըմբռնե չոր փաստերի ներքև թաքնված բովանդակ տրագեդիան, որն այնքան բնորոշ է մեր իրականության համար և այնքան ուսանելի։

Այժմ մի քանի խոսք Ալեքսանդր Ծատուրյանի գրական գործունեության մասին։ Ես այս անգամ մտադիր չեմ երկար կանգ առնելու մեր բանաստեղծի գրական աշխատությունների վերլուծման և գնահատության վերա։ Ես կկամենայի առայժմ շեշտել միայն մի