Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/43

Այս էջը հաստատված է

քանի կարևոր կետեր, որ ըստ իս կարևոր են։ Սակայն նախքան այդ, մի փոքրիկ մեթոդոլոգիական նկատողություն։ Ամեն մի պատմական երևույթ կատարվում է ժամանակի և տարածության մեջ, պայմանավորված է որոշ պատճառական հետևողականությամբ, ենթակա է հասարակական զարդացման անխորտակելի օրենքների զորության։ Սա ֆատալիզմ չէ, սա գիտակցական ազատության միակ ճանապարհն է։ Այս նկատողությունը նոցա համար է, որոնք իրենց ուսերին ինքնահավանորեն նետում են մեր կյանքի և գրականության երևույթների քննադատների և դատավորների քղամիդը, սակայն մոռանում են գիտական ուսումնասիրության ամենատարրական պահանջները։ Մեր ինտելիգենտը սովորաբար աշակերտի պես անգիր է սերտում զանազան թեորիաներ՝ առանց նոցա խորքը թափանցելու և ոգին ըմբռնելու, և թեորիան քարացած ֆորմուլ դարձրած, մոտենում է մեր կյանքի բոլոր երևույթներին և մի հարվածով ամեն ինչ ոչնչացնում—ինչպես ասում են՝ հոնքը շտկելու տեղ աչքն էլ է հանում։

Երբ հայ ինտելիգենտը մոտենում է մեր պատմությանը և իրականությանը, նա մոռանում է ամեն ինչ։ Նա այնպիսի պահանջներ է դնում, որոնք բավարարություն չեն կարող ստանալ, որոնք անիմաստ և աներևակայելի են մեր պատմական զարգացման պատճառականության տեսակետից։ Սոքա ուզում են ոչ թե մեր պատմությունը և կյանքը ուսումնասիրել, այդ ուսումնասիրությունից այս կամ այն եզրակացությունը անել, նոքա պահանջում են, նոքա ուզում են ստիպել, որ մեր պատմությունը այնպես չլիներ, ինչպես եղել է, որ նա համապատասխաներ նոցա մի որևէ գրքից վեր առած ֆորմուլներին և մեր կյանքում անկիրառելի եզրակացություններին։

Ուրեմն թույլ տվեք նախ և առաջ հիշեցնելու ձեզ, որ Ալեքսանդր Ծատուրյանը հայ բանաստեղծ է, այսինքն ծնունդ մի ուրույն պատմական միջավայրի, որոշ պատմական իրականության՝ սնված մի ինքնատիպ ու շեշտված հոգեկան-մտավոր մթնոլորտում։

Մեր գրականությունը առաջ է գնացել երկու ուղղությամբ— Աբովյան — Պռոշյան — Աղայան — Թումանյան — Իսահակյան։

Նազարյան — Նալբանդյան — Շահազիզ — Պատկանյան — Հովհաննիսյան և Ծատուրյան։

Մեկի մեջ իշխում է ժողովրդական ոգին, մյուսը ստեղծում է