Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/50

Այս էջը հաստատված է

Եվ եթե պրպտենք մեր ներկան, արդյոք չե՞նք գտնի այնտեղ նրանց, այդ առաքյալների երբեմն մարող, երբեմն խրոխտացող ու կենդանության նշաններ ցույց տվող ձայները կամ նրանց արձագանքները. գուցե շատերի սրտում ապրում են դեռ նրանց իդեալները և բորբոքվում են նրանց բաղձանքները։

Այո, ես կարծում եմ, որ այդ այդպես է։

Սակայն չնայած այդ ամենին՝ մի անսահման հեռավորություն, մի անանցանելի անջրպետ բաժանում է ներկայի մարդուն այդ մոտիկ, կարծես դեռ չմեռած անցյալից։

Եվ հիրավի, որքան տարօրինակ ու անհասանելի կերպով հեռավոր պիտի թվան մեր օրերի ինտելիգենտ մարդու համար թեկուզ Սմբատ Շահազիզի Լևոնի վիշտը» կամ Ռափայել Պատկանյանի ազգային և ռազմական երգերը։ Կամ կարո՞ղ է տարօրինակ ու հեռավոր չթվալ մեր օրերի ինտելիգենտ մարդուն Պռոշյանի պարզամիտ հյուսվածները կամ Րաֆֆիի նման թեկուզև հանճարեղ մարդու ստեղծագործոթյունը, երբ մեր օրերի այդ ինտելիգենտը ոչ միայն Պուշկինին և Դոստոևսկուն ավելի լավ է ճանաչում, քան երեկվա սերունդը, այլ որն անցել է և նորագույն եվրոպական և մանավանդ ռուսական գրականության բովով, այն ինտելիգենտի համար Պշիբիշևսկին արդեն վաղուց մոռացված հեղինակ է, Բայլմոնտը՝ ձանձրալի, Մետերլինգը, Վյաչ. Իվանովը— չոր ու գիտուն, Սոլոգուբը ոչ գուցե այնքան հիվանդոտ ու ցավագին, որքան ինքն է՝ ընթերցողը։ Բայց չէ՞ որ Րաֆֆուն կամ Պռոշյանին ու Աղայանին— Սոլոգութից ու Համսունից հոգեբանորեն դարեր են բաժանում, մինչդեռ Սոլոգոլբն սկսել է իր գրական կյանքը Րաֆֆու կենդանության ժամանակ և Աղայանի ու Պռոշյանի օրով արտադրել է իր լավագույն ստեղծագործությունները։ Մեր օրերի եվրոպական ռեալիզմը նման չէ բնավ դեռ նույն մեր օրերում հայ գրականության մեջ տիրող ռեալիզմին, և ներկա եվրոպական ռոմանտիզմը բոլորովին այլ է, քան մեր գրականության մեջ տիրող ռոմանտիզմը։ Չպետք է մոռանալ, որ վերջին տարիների ընթացքում հայ իրականության մեջ ծագել է մի նոր ինտելիգենցիա, մի նոր սերունդ, որին օտար չէ եվրոպական կուլտուրան, գոնե իր խոշոր գծերով, որ եվրոպական կրթություն ստացած, եվրոպացու կյանքով ապրած, դառնում է հայրենիք և բնականաբար գոհ չէ մնում իր