Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/51

Այս էջը հաստատված է

հայրենիքում տիրող կարգերից ու հասկացողություններից: Բացի այդ, չէ՞ որ կյանքի մեջ գործող ինտելիգենցիան էլ անցել է 1905 թ. մակընթացությունն ու դրան հետևող տարիների ավերիչ ու հոգեսպան տեղատվությունը։

Եվ այդպիսի ինտելիգենցիան կարո՞ղ է արդյոք հարազատ գդալ իրան մի Շահազիզի, մի Պատկանյանի, նույնիսկ մեր նոր, դեռ կենդանի հեղինակների վերաբերմամբ։ Անշուշտ ոչ, քանի որ այդ բոլոր հեղինակների ամբողջ աշխարհահայացքը, աշխարհավերաբերմունքը այլ է, ավանդական հին, որքան էլ նոր խոսքերով կամենան նրանք գունավորել իրանց ավանդական գաղափարները, որքան էլ կամենան իրանց հին տիկերը նոր գինի ով լցնել։ Այդպիսի փորձեր արին Ահարոնյանը և Փափազյանը, բայց ի՞նչ դուրս եկավ դրանից, դրանով դարձա՞ն արդյոք նրանք մեր օրերի հեղինակներ։ Բնավ։ Եվ բնորոշ չէ՞ արդյոք, որ այն մարդիկ, որ ձգտում էին իրականացնել Րաֆֆու «Կայծեր»-ում արծարծած գաղափարները, մի զարմանալի փորձ փորձեցին միացնել այդ գաղափարները ներկայի հզորաբար առաջ խաղացող բանվորական իդեալների հետ և հետո թողին Ռուսիան ու անցան այն խավար ու մութ երկիրը, որ Տաճկահայաստան է կոչվում, և այնուամենայնիվ այնտեղ էլ այդ կուսակցությունը, որ մեր ինտելիգենցիայի խոշորագույն հատվածի ներկայացուցիչն էր մի քանի տարի առաջ, ստիպված եղավ իր հին, ավանդական սկզբունքներին կարկատանի նման, և այն սպիտակ թելով, կպցնել ժամանակակից ազատագրական դեմոկրատ գաղափարները։ Սակայն այդ նրանց նույնպես չօգնեց, ինչպես Ահարոնյանին չօգնեց սիմբոլիզմի տեղ ընդունած նրա սիբոլիզմը (օրինակ, Արցունքի հովիտ-ի մեջ) և Փափազյանին— նոր ռեալիզմը և նորահնար խոսքերը։ Չօգնեց, որովհետև ամբողջ մտածողությունն ու զգացողությունը մնում էին հինը, ավանդականը։ Տարօրինակ բան չկա այստեղ։ Ըստ էության դա կյանքի մշտական և ուղիղ ճանապարհն է, քանի որ հինը պիտի մեռնի, ավանդականը պիտի տեղ տա նորին— այդպես է ամեն տեղ, իսկ եթե դա հիվանդոտ բնույթ է ստանում և արտահայտություն մեզանում, դա էլ հասկանալի կլինի, եթե աչքի առաջ ունենանք մեր ամբողջ կյանքի հիվանդագին բնույթը։ Չպետք է մոռանալ, որ մեր կյանքն էլ նույն հեղաշրջման, նույն կրիզիսի մեջ է, և այդ պայքարը հնի և նորի մեջ, որ տեղի