կուլտուրական պահանջները հոգացող ժրաջան մի դասի։ Ստեղծե՞լ է արդյոք նա լեզու (հայտնի է, որ քրիստոնեական կրոնի ներմուծման սկզբից արդեն, այսինքն արդեն սկսած այն ժամանակից, երբ կղերն սկսել է գրականություն արտադրել, մեր լեզուն գնացել է դեպի անկում, դեպի վուլգարացում)։ Ուրեմն մինչ այդ գրաբարը եղել է ավելի բարձր աստիճանի վրա. եղել է ավելի կանոնավոր, ավելի հաստատուն։ Մինչև այժմ մենք հաստատ չգիտենք և ուրեմն իրավունք չունենք պնդելու, որ չի ունեցել այդ լեզուն գրականություն:
Հայտնի է, թե որպիսի բուռն եռանդով, որպիսի ֆանատիկոս ատելությամբ կղերը ոչնչացրել է ամեն ինչ, որ աշխարհիկ բնույթ է ունեցել։ Վերջապես չպետք է մոռանալ և այն հանգամանքը, որ այն բոլոր սքանչելի գործերը, որ վերագրվում են մեր կղերին, արձանագրվել են նույն կղերի պաշտոնյաների, կղերական անձերի ձեռքով — այսինքն ինքը կղերականությունն է գովաբանական պատմություններ գրել իր մասին։ Մեզ գրեթե ոչինչ չի հասել ոչ հեթանոսական գրականությունից, ոչ էլ այն գրականությունից, որ անտարակույս գոյություն է ունեցել, բայց հալածվել է ու ջնջվել իբրև հերետիկոսական, աղանդավորական։
Տեսնելով, որ հայ բերդապահ զինվորը հեթանոս, այսինքն աշխարհիկ երգեր է երգում, հոգևոր հայրն իսկույն համապատասխան շարականներ է ստեղծագործում և պատվիրում է այդ շարականները երգել աշխարհիկ երգերի փոխարեն։ Մեզ հասել են մեր ժողովրդական բանահյուսության խղճալի բեկորները, սակայն այդ փշրանքներն իսկ բավական են, որպեսզի ամեն ոք տեսնի, թե ինչը ինչով են փոխարինել մեր հոգևոր հայրերը, մեր ազգի գովված այդ լուսավորիչները։ Վերցրեք ռուսական պատմությունը, միթե այնտեղ նույնը չի՞ եղել, միթե այնտեղ ևս նույն ֆանատիկոս կռիվը չի՞ մղել կղերը աշխարհիկ մտքի ու խոսքի դեմ։ Այդպես է եղել սակայն ամեն տեղ։ Այդպես և մեզանում։ Ֆանատիկոս, անհամբերող, բթացնող մի ուժ, մռայլ մի կաստա, որի զորությունը դժբախտաբար այժմ էլ դեռ ծանր ու հեղձուկ ամպի նման նստած է մեր կյանքի վրա։ Նա դրել է իր վարակիչ կնիքը ոչ միայն մեր գրականության, այլև լեզվի վրա։ Այո, լեզուն պահպանել է այդ կաստայի զզվելի ու տխմար մտածողության հետքերը, և մինչև մեր օրերը դեռ սխոլաստիկ, անպտուղ ու վերացական (բայց