Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/61

Այս էջը հաստատված է

նա հավասար չէ, օրինակ, ռուսական религия, религиозный բառերին։ «Религиозный» բառն անտարակույս ավելի լայն իմաստ ունի, քան «կրոնական» բառը։ Այստեղ ես կրոն ասելով ըմբռնում եմ այն իբր աշխարհազգացում, աշխարհավերաբերմունք։

Ահա այդ կիսաինտելիգենցիան, այդ կղերամիտ, կամ ինչպես մեզանում ասում են, «տիրացուական» մասսան է, որ ստեղծել է մի ազգային հանրայնություն (общественность), որն իր էությամբ կղերական հանրայնություն է, ծխականների հանրայնություն և որքան պիտի զարմանար Մերեժկովսկին, եթե մի օր իմանար, որ իր երազած կրոնական «հանրայնությունը» (ինչպես նա է ըմբռնում այդ), նրա соборность ասածն այնքա՜ն փարթամ կերպով ծաղկել է հայ լուսավորչական եկեղեցու հովանու տակ, և որքա՜ն, որքան պիտի հիասթափվեր Մերեժկովսկին, երբ տեսներ, թե ինչ պտուղներ է տալիս այդ կղերական հանրայնությունը կամ համայնականությունը։ Եվ այդ կղերական համայնականությունից դուրս հայ ինտելիգենտը մեռած, անպետք է դառնում, նա անելիք չունի։ Միայն այդտեղ, ծխական համայնքի մեջ ընկնելով է, որ նա իրեն իսկույն լավ է զգում, ի՛սկ այնպես — ինչպես ձուկը ջրում։

Հիշում եմ, երբ մեր ծխական դպրոցները փակված էին, մամուլի մեջ մի մեռելություն էր տիրում, և շատ ու շատ «ազգային ինտելիգենտներից» ես լսել եմ այն կարծիքը, որ մեր մամուլն ընկած է նրա համար, որ ծխական դպրոցները փակ են, և գրելու նյութ չկա։ Այո, սա փաստ է։ Եվ հիրավի, ինչի՞ մասին կարող է գրել ծխական ինտելիգենտը — ամենից առաջ իհարկե ծխական ժողովի մասին, հոգեբարձությունների մասին, որովհետև նրա քաղաքացիական աշխարհահայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղևի մեջ, և նա չի կարող իր համար ուրիշ դրություն երևակայել։ Նրա ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար։

Մի երիտասարդ հայ պուբլիցիստ ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել։ Եվ դա այդպես է։ Եվ ահա այդ ծխականների