Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/71

Այս էջը հաստատված է

տեղի ունեցել է անշուշտ, ժխտել անկարելի է, և անշուշտ հետաքրքրական է գեթ ամենաընդհանուր գծերով հիշատակելու այդ զարգացման մի քանի կարևոր կետերը։

Դա շատ կարևոր է այն պատճառով, որ այդ զարգացման սահմաններն ու շրջանակները բնորոշել, կնշանակի մասամբ և որոշել ապագա ուղիները։ Իսկ այդ վերջինը կազմում է մեր այսօրվա հետաքրքրության առարկան։

Մեր գրականությունը ազգային գրականություն չի դարձել դեռևս, դա դեռ շատ հեռու է, եթե միայն պիտի լինի, դա մնում է հետագային, գուցե և շատ հեռավոր սերունդներին։ Նա՝ մեր գրականությունը, մի տեսակ դպրոց է եղել, մի տեսակ վարժարան։ Ինչպես ասացի, մի պատրաստական շրջան։ Ճիշտ այնպես, ինչպես թե՝ ռուսաց և թե՛ մեր կյանքում դպրոցականներն իրենց ձեռագիր թերթերն են հրատարակում, վեպեր են գրում, ոտանավորներ, հոդվածներ, և երբեմն հետո դրանցից շատերը դառնում են կյանքում իսկական գրողներ, խմբագիրներ և այլն։ Սակայն այդ նախապատրաստական շրջանը ևս ունեցել էր զարգացման էտապները, շրջանները, նա ևս մի կետի վրա կանգնած չի մնացել։

Եթե դուք վերցնեք Շահազիզի, Պատկանյանի անգամ լավագույն ոտանավորները և համեմատության դնեք հետագա սերնդի ստեղծագործության հետ, կտեսնեք, որ վերջինները շատ կողմերով ավելի բարձր են, քան առաջինները։ Եվ այդ կնկատեք դուք ամենից առաջ ձևի, լեզվի, ստիլի վերաբերմամբ։

Վերցնենք, օրինակ, Պատկանյանի հռչակավոր «Արաքսի արտասունք»-ը։

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին֊հին դարուց հիշատակ
Այլաց մեջը պըտրում եմ։
Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջրրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։


Հետո՝

Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
էսպես խոսեց հատակից,