Նույնիսկ այս կլասիկ ոտանավորը, եթե համեմատության դնեք Հովհ. Թումանյանի, Հովհաննիսյանի կամ Ծատուրյանի լավագույն երգերի հետ, իսկույն կտեսնեք, որ Վերջինների մոտ ստիլիստական և լեզվական հետևողություն ավելի կա, քան նույնիսկ Պատկանյանի այս համբավավոր գրվածում. այնտեղ լեզուն անհամեմատ ավելի ազատ է մի կողմից գրաբար ձևերից (դարիվ-դարիվ, ալյաց, դարուց), մյուս կողմից վուլգարիզմներից (ուռցուց, էսպես)։
Իրանց լեզվի և ոճի տեսակետից այդ հետագա պոետները ավելի հետևողական են։ Ասում եմ իրանց լեզվի, որովհետև նրանց լեզուն էլ դեռ կատարելություն չէ և վիճելի կետեր շատ է պարունակում։ Իսկ եթե վերցնեք Պատկանյանի մյուս գրվածները, այդ գծերն ավելի ևս աչքի կընկնեն:
Պետք է նկատել, որ Պատկանյանը առհասարակ ավելի է հակված դեպի ժողովրդական լեզուն, քան Շահազիզը, որ գերադասում է ավելի գրաբարը, քան ռամկականը։ Մյուս կողմից մեր գրականությունը սկսում է ավելի մոտենալ գեղարվեստին, նա ավելի շատ է զբաղվում գեղարվեստական կողմով, աճում է զուտ գեղարվեստական նշանակություն ունեցող գրվածների թիվը, և պակասում են դիդակտիկ, միտումնավոր, եթե կարելի է այսպես ասել հրապարակախոսական բանաստեղծությունները։ Ավելի խորն է դառնում պոեզիան, ավելի ներդաշնակ ու գեղեցիկ ձևի մեջ են շրջանակվում թեկուզ և հին գաղափարները, ավելի նուրբ է դառնում և արտահայտիչ լեզուն, ավելի իրական պատկերները և բազմակողմանի, թեպետև ավելի պարզ մտածողությունը։ Այս գծերն անտարակույս մեծ առաջադիմության մասին են վկայում։ Սակայն միայն այդ չէ։ Մենք ունեցանք այնպիսի գրվածներ, որոնք արդեն կարող են համարվել մեր գծած ազգայնական֊կղերական սահմաններից դուրս եկած իրենց որոշ մասով։ Մեր վերջին պոետները չեն կարողանում արդեն պարփակվել այդ շրջանում և ելել են կամ ելնում և այդ շրջանակից։ Այդ կողմից անտարակույս ամենամեծ հետաքրքրության արժանի է Թումանյանի և Իսահակյանի պոեզիա: Դրանցից առաջինը Հովհ. Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ։ Նա արդեն վարպետ է ամեն կողմու մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսե թարգման։ Նա կանգնած է իր հատուկ ճանապարհի վրա, որ լի