գեղարվեստական հրաշալիքներով, սակայն նա կմնա իբրև մի ունիկում, և նրա ճանապարհը չի լինելու ապագա հայ պոեզիայի ճանապարհը։ Թե ինչո՞ւ, կպարզեմ քիչ հետո։ Հովհաննիսյանը և Ծատորրյանը թեպետև ավելի սերտ են կապված ամեն կողմով նախորդ սերնդի հետ իրանց թեմաներով, լեզվով և ուղղությամբ, սակայն անտարակույս շատ գծերով արդեն մի քայլ առաջ են։ Այստեղ հարցը տաղանդի մեծության և փոքրության, առհասարակ չափին չի վերաբերվում անշուշտ։
Եթե դիտենք նույն կողմերից մեր պրոզան, կտեսնենք նույնը։ Վիպագրության մեջ Պռոշյանից, Աբովյանից, Աղայանից, Րաֆֆուց մենք անցել ենք Մուրացանին, Նար-Դոսին... Փափազյանին և Շիրվանզադեին։ Դրամայի մեջ որքան էլ ինքնատիպ, խոշոր և հետաքրքրական լինի Սունդուկյանը— նա առանձին երևույթ է, նա դարձյալ ունիկում է իր «Պեպո»-ով, իսկ ուղի հարթողը Շիրվանզադեն Է։ Չպետք է մոռանալ, որ կենցաղագրական և հոգեբանական դրամային գրական լեզվով ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և որքան էլ թերություններ ունենան նրա գրվածները, նրա նշանակությունն այդ ասպարեզում շատ է մեծ ու նշանակալից։
Մեր երիտասարդ գրողներից մի քանիսը ամենաեռանդուն կերպով սկսել են իրանց հերոսների ու հերոսուհիների անունները փոխել, հայկականի տեղ եվրոպական անուններ դնել, կարծելով, որ եթե Շողակաթ չդնեն իրանց հերոսուհու անունը, այլ Լյուսի կամ Օլգա, նրանց գրվածն էլ կդառնա «Վիկտորյա»։ Անշուշտ այդպիսի մկրտությամբ չէ, որ պիտի Վերածնվի մեր գրականությունը, նրան այլ մկրտություն է հարկավոր։
Որքան և տեղական լինի, այնուամենայնիվ Շիրվանզադեի Շպպանիկն իր այդ զարմանալի անունով իսկ ավելի հասկանալի է ամեն մարդու, որովհետև նա կենդանի է, գունագեղ, ճշմարիտ, գեղեցիկ, իսկ այդ Լյուսիներն ու Օլգաները անհասկանալի, որովհետև նրանք ամենից առաջ մարդիկ չեն։ Այսինքն մի կողմից մեր հեղինակները վերցնում են կենդանի մարդկանց՝ ազգային տարազով, բայց չափազանց նեղ կոլորիտով, նրանց շնորհիվ իրանց ծայրահեղ նատուրալիզմին տալիս են այնպիսի գունավորում, որ այսօրվանն է, իսկ վաղը չի լինելու, ինչ որ առհասարակ կարող է չլինել, իսկ մյուս կողմից նորերը կամենալով եվրոպացի լինել —