Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/74

Այս էջը հաստատված է

խրտվիլակներ են ստեղծագործում մարդկանց տեղ։ Եվ որքան համամարդկային է հեղինակի գծած պատկերը, չնայած իր ազգային տարազին ու բարբառին, այնքան նա սիմբոլիստական է, այնքան նա անմահ է։ Այդ տեսակետից Սունդուկյանն ու Շիրվանզադեն ավելի մոտ են սիմբոլիզմին, քան Ահարոնյանը, որին ոմանք սիմբոլիստ են համարում։ Պեպոն մարդ է, կենդանի և հավիտենական — ահա թե ինչու նա սիմբոլ է դառնում, նույնպես և Շպպանիկը, թեպետև ոչ նույն չափով։

Այսպիսով — եթե համեմատության դնենք, կտեսնենք, որ սիմբոլիստ համարվող Ահարոնյանը, որ նույնպես ունի գրվածներ, ուր հայկական ոչինչ չկա, օրինակ՝ «Լռություն»-ը— այնուամենայնիվ հայ ինքնամփոփ միջավայրից դուրս չի գալիս, չնայած այդ եվրոպական անուններին ու ձևերին, նա չի դառնում եվրոպական գրող, մինչդեռ Շիրվանզադեն, որքան և թերություններ ունենա, դարձյալ կմնա այն հեղինակը, որ տանում է մեր գրականությունը դեպի Եվրոպա։ Ահարոնյանը չէ մեր ապագա գրականության ուղին, այլ Շիրվանզադեն, իհարկե սոսկ իբրև էտապ, ինչպես մի էլենշլեգեր, որ հարթել է իբսենների... ուղին։ Անտարակույս Շիրվանզադեի նատուրալիզմը չի լինելու այն շկոլան, որին հետևելու է մեր նորածագ գրականությունը, եթե այդպիսին կառաջանա, սակայն անշուշտ Շիրվանզադեին է, որ նա պիտի ճանաչեիր մոտակա նախորդը։

Սակայն, իհարկե, որպես հասարակական կյանքի զարգացման մեջ չկան անսպասելի ու հսկայական թռիչքներ, այլ որոշ համաչափ շարժում, որոշ չափով կյանքի մեջ մուտք է գործում նորը, հնի ծաղկոտիները լցվում է նորը, որպեսզի պատռե այդ հնի կեղևը և միանգամայն վերանորոգվի, նույնպես և գեղարվեստի զարգացումն է ընթանում որոշ օրինաչափությամբ։ Ինչպես աստիճանաբար են մուտք գործում կյանքի սահմանները նոր տնտեսության ձևերը, արդյունաբերության և տեխնիկայի նոր գործիքներն ու պրիոմները, նույնպես, ավելի ճիշտ առավել ևս ավելի դանդաղասահ աստիճանականությամբ, առաջ է գնում նոր կուլտուրայի մուտքը մի նոր վայր։ Ասում եմ առավելապես, որովհետև չէ՞ որ տեխնիկայի և արդյունաբերության մեջ ավելի դյուրին է ըմբռնվում նոր ձևը, մինչդեռ հոգեկան կուլտուրայի աշխարհում հարկավոր է ավելի մեծ լարում և ավելի տևական