լայն հորիզոններ են բացվում կուլտուրայի առանձին-առանձին ճյուղերի առջև։ Ժողովրդի հոգին նման է մի բազմալար երգեհոնի, և որքան շատ լարեր հնչեն, այնքան ավելի արժեք կստանա ամեն մի հնչյուն մի ընդհանուր նվագի մեջ, իսկ երբ միայն մի լարն են հնչեցնում, նա տարօրինակ ու ողորմելի մի ձայն է հանում, առանց հաճույք պատճառելու, առանց ուրախացնելու և մեռնում է առանց ձեր հոգու մեջ հետք թողնելու։
Բայց ի՞նչ է տալիս մեր կյանքը, ի՞նչ է ներկայացնում նա, ի՞նչ պատկեր ունի։ Կարո՞ղ ենք արդյոք նրա տվյալների վերա հենվելով գեթ մոտավոր կառուցվածքներ անել մեր ապագայի վերաբերմամբ, տալի՞ս է արդյոք իրավունք այդ տվյալ ներկան և անցյալը մի ավելի լավ ապագա հուսալու։ Արդյոք երևո՞ւմ են այդ կյանքում առաջադիմության որևէ նշաններ, թե նա քարացել է իր ավանդական ձևերում և հոգեվարքի ժամեր է ապրում։ Արդյոք ինչի վրա պիտի կառուցանենք մեր ապագայի հույսերը և ակնկալությունները։ Քիչ առաջ ես մատնանշեցի, որ, այո՛, առաջադիմության և զարգացման նշաններ կան մեր ինքնամփոփ ու մեկուսացած կյանքի վերջին կեսդարյան պատմության մեջ։
Այո, կան, սակայն շատ աննշան են այդ առաջադիմության քայլերն ընդհանուր առմամբ։ Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով։ Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղևից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ։ Այժմ այդ կեղևը չի կարող պահպանվել— եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից։ Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղևից դուրս։ Արդեն այդ կեղևը մաշվում, է և թուլանում, վերջին օրերն է ապրում նա, և ով իմաստուն է, դուրս պիտի մղե իրան այդ կեղևից, պիտի ոչնչացնե այդ կեղևը։ Այլ կերպ նրա գոյությունը վտանգի է ենթարկվում և նրա հետ միասին այդ կեղևի մեջ ամփոփված ամբողջության կյանքը։ Բայց արդեն լուրջ ճեղքեր է տվել այդ կեղևը, և լույսը ներս է խուժում, և ոչ մի արգելք նրա առաջն առնել չի կարող։
Եթե դուք դիտեք մեր վերջին տարիների կյանքը, չեք կարող չնկատել, որ այնտեղ կատարվել է և մասամբ կատարվում է մի խոր հեղաշրջում։ Չեմ ուզում այժմ համեմատել մեր ներկայի կյանքը մի երկու տասնյակ տարով մեզնից բաժանված կյանքի հետ։ Համեմատեցեք մեր այժմյան կյանքը նախահեղափոխական