կյանքի հետ, ներկա դարու սկզբի տարիների կյանքի հետ և դուք կտեսնեք, թե որքան հեռու են նրանք իրարից, որքան տարբեր, որքան միմյանց ժխտող։ Սակայն արդեն կատարված և կատարվող տնտեսական-քաղաքական և կուլտուրական հեղաշրջումը այնքան նշանակալից, այնքան իմաստալից չէ, որքան այն, որ պիտի կատարվի դեռ, այն, որ վերահաս է, որի նախերգանքն է միայն ներկայի սոցիալական և կուլտուրական խլրտումը: Մեր երկրի ամբողջ տնտեսական կերպարանքը վերափոխվում է, և դրա հետ միասին հիմնական վերափոխության առջև է կանգնած և նրա հասարակական և կուլտուրական կերպարանքը։
Չպետք է կուրանալ այդ ակներև երևույթի առջև, հայացքը չպետք է այլ կողմ նետել ։ Ոչ Մասիսի ձյունափայլ կատարներին պետք է հառել ակնկալող հայացքով, ոչ էլ էջմիածնի խարխուլ գմբեթին, այլ քաղաքների հարաշարժ ամբոխին, վերամբարձ ծխաններին ու բազմահարկ շենքերին, դաշտերի ծովածավալ լայնությանը, որ արդեն ճեղքում է մեքենան, և լեռների փշրվող քարակույտերին դինամիտի հզոր հարվածի տակ։
Այդ ընդհանուր շարժման մեջ կուլտուրաների մի եղբայրական մերձեցում է առաջանում։ Ճիշտ այնպես, ինչպես ռուս բիլինաների հսկաները նախքան եղբայրանալը զարնվում էին իրար, ճիշտ նույն ձևով կիսավայրի ժողովուրդների կուլտուրան կուրծքը դեմ է տալիս եվրոպական կուլտուրայի առջև, որպեսզի հետո միանա նրան և նրա հետ միասին ճանապարհ գնա։
Կապիտալը գալիս է մեր երկիրն ու հեղաշրջում է նրա համայն կերպարանքը:
Հեղաշրջում է իհարկե և մտքերը, տրամադրությունները, զգացմունքները, ինչպես և հագուստները։ Ճիշտ է, հագուստն ավելի հեշտ է փոխել, քան միտքը, սակայն մեկը մյուսին, ինչպես ասում են այժմ, բնաանհրաժեշտորեն պայմանավորում է, մեկին հետևում է մյուսը, թեկուզ ոչ արագ, գուցե մեկ կամ երկու սերնդի կյանք է հարկավորվում, բայց այնուամենայնիվ այդ հեղաշրջումը կատարվում է։
Այդ տնտեսական և կուլտուրական հեղաշրջման առաջին շրջանի նկարագիրը տվել է մեր գեղարվեստական գրականության մեջ Շիրվանզադեն։ Այնտեղ նա ծաղրում է այդ երեկվա տրեխավորին, որն այսօր լաքած կոշիկ է հագնում, իսկ հոգով տրեխավոր