է մնում։ Դա Շիրվանզադեի այն գրավածներն են, որոնց համար Լեոն կշտամբել է նրան, որովհետև Լեոյի աչքում այդ նոր հասարակական-կուլտուրական երևույթը գեղարվեստորեն պատկերացնել, նշանակում է գնալ դեպի, ինչպես նա է ասում, «արիստոկրատները»։ Լա՜վ արիստոկրատներ են։ Սակայն սա միջանկյալ։
Ուրեմն մեր երկրի տնտեսական կյանքը ենթարկվում է հիմնական հեղաշրջման։ Դրան հետևում է կուլտուրական հեղաշրջում։
Մեր ազգային կոչվող սեմինարիստական ինտելիգենցիան արդեն վաղուց ի վեր ահ ու սարսափով է դիտում այդ հեղաշրջումը։ Անհանգստություն ու տագնապ է հարուցանում այդ ինտելիգենցիայի հոգում այդ հեղաշրջումը։ Եվ այդ տագնապն ու անհանգստությունը արտահայտվել է մեր գեղարվեստական գրականության մեջ — մասնավորապես Ահարոնյանի, Փափազյանի վերջին տարիների բանվորական կյանքից վերցրած պատմվածքների մեջ։
Այդ տնտեսական շարժումն ամենից առաջ ծնում է քաղաքական շարժում և ստեղծում է կուլտուրական մրցության եռուն ասպարեզ։ Խռովում է քնած մասսաների նիրհը դարավոր և լարում է երկրի արդյունաբերող ուժերը և դրա հետ միասին առաջացնում է նաև կուլտուրական ստեղծագործ ուժերի լարում։
Այստեղ արդեն անհնար է դանդաղությունը, մահաբեր է ծուլությունն ու ինքնամփոփ ու սնապարծ գոհունակությունը։
Մրցությունն ստիպում է կռվելու համար ամենավերջին զենքերով սպառազինվել։ Եվ որպես պատերազմի մեջ հաղթվում է այն կողմը, որի զենքերն ավելի հին սիստեմի են, որպես տնտեսության մեջ պարտվում է այն կողմը, որի արդյունաբերության ձևերն ու գործիքներն ավելի հին են, այնպես Էլ կուլտուրական աշխարհում հաղթող հանդիսանում է ավելի զարգացած կողմը, ավելի առաջ գնացած կուլտուրան:
Թույլը կորչում է։ Բնական օրենքի անսասան, տիրական զորությամբ է կատարվում այս ամենը։
Այն, ինչ մեր ազգային ինտելիգենցիան անվանում է ռուսական արշավանք — իրոք եվրոպական կապիտալի, ուրեմն և եվրոպական կուլտուրայի արշավանք պետք է անվանել, մանավանդ