ըմբռնելի էր, քան ոչ միայն Նազարյանի լեզուն, այլ նույնիսկ գրաբարը։ Նյս մեկ: Երկրորդ, եթե այդ լեզուն իրոք գրականության, մամուլի, գիտության լեզու լինելու ընդունակ լիներ, ուրեմն կդառնար այդպիսին, քանի որ նա մեր ժողովրդի ամենակոմպակտ ու ամենախոշոր հատվածի լեզուն էր։ Եթե չդարձավ, կնշանակե չէր էլ կարող դառնալ։
Բայց նա տվեց Նազարյանի — Նալբանդյանի — Շահազիզի լեզվին իր հարստություններից այն, ինչ նրանք կարողացան վերցնել, ինչ կարևոր եղավ նրանց։
Թվում է սակայն, որ Աբովյանով էլ պիտի վերջանար լեզվի այդ ճյուղավորումը, քանի որ դրանից հետո ծագեց մի ամբողջ գրականություն ու մամուլ Նազարյան շկոլայի լեզվով և ըստ ամենայնի այդ հյուսիսափայլյան լեզուն հաղթող էր հանդիսանում։
Սակայն ոչ։ Առաջ եկան մի կողմ Պռոշյան, Աղայան, մյուս կողմից՝ Սունդուկյան, որոնք շարունակեցին բարբառով գրել և ավելի ևս բարդացրին այդ խնդիրը։
Ըստ երևույթին, այդ մարդկանց չէր գոհացնում Նազարյանի և Շահազիզի իրավ որ անկենդան լեզուն։
Ճիշտ է, անկենդան էր այդ լեզուն, կիսամեռ էր նա, առկախ գրաբարից, լի խրթին ու չոր խոսքերով և դարձվածներով։
Եվ շատ հասկանալի է, որ Սունդուկյանի նման մի անզուգական տաղանդ պետք է նկատեր, որ դրամայի ասպարեզում, թատրոնում այդ Նազարյան-Շահազիզյան լեզուն անկիրառելի է, անթույլատրելի, անհնար։ Որովհետև ոչ մի տեղ այնքան աչքի չի ընկնում լեզվի մեռածությունը, որքան թատրոնում և այն՝ կենցաղագրական-նատուրալիստական թատրոնում։
Մյուս կողմից նույնը պիտի զգար և՝ Աղայանը, և՝ Պռոշյանը ժողովրդական կենդանի կենցաղին մոտենալիս։
Այդ ամենը պարզ է, սակայն ինչպե՞ս հաշտեցնել այդ երկու ճյուղավորությունը։ Չէ՞ որ մի գրականություն պիտի ունենա իր մի լեզուն։ Հո չէ՞ր կարելի պատմվածք, դրամա կամ հեքիաթ գրելիս մի լեզու գործածել, իսկ հոդված ու դասագիրք գրելիս կամ թարգմանության անելիս մի ուրիշ լեզու։ Ինչպե՞ս պիտի հաշտվեր հայ գրողն այդ տարօրինակ դրության հետ։ Մի կողմից կարծես թե ստեղծվում էր Նազարյանի և նրա աշակերտների ձեռքով մի տեսակ «արվեստական», շինծու լեզու, գրաբարի ու