Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/92

Այս էջը հաստատված է

Դա տաճկահայոց հարցն է: Դա այն կնճռոտ ու բազմամյա «հայկական խնդիրն է», որ այնքա՜ն մտավոր, հոգեկան և ֆիզիկական լարում է ստեղծել մեզանում տասնյակ տարիների ընթացքում։ Այդ հարցի վրա կենտրոնացրել է մեր ինտելիգենցիան իր բոլոր ուշադրությունը, նրա վրա է հիմնել իր լավագույն ապագայի բոլոր հույսերն ու ակնկալությունները, այդ հարցի լուծումից է սպասել մեր ժողովրդի համար ամեն տեսակ բարիք, դրանով է պայմանավորել մեր ժողովրդի առաջընթացքի բոլոր ճանապարհները։ Ես կանգ չեմ առնելու այդ հարցի վրա ըստ էության և քննության առարկա չեմ դարձնելու։ Դա իմ նպատակից դուրս է։ Ես այժմ զբաղված եմ մեր կուլտուրական զարգացման խնդրով, ուստի կբավականանամ երկու խոսքով պարզելու իմ վերաբերմունքը դեպի այդ հարցի լուծումը այն չափով, որչափով նա կապված է իմ այսօրվա թեմայի հետ։ Ես տաճկահայկական հարցի լուծմանը Թուրքիայի սահմաններում չեմ հավատում։ Լավագույն լուծումն այդ հարցի համարում եմ Ռուսիայի գրավումը տաճկահայկական նահանգների։ Այս դեպքում գուշակողի դեր չեմ ուզում ստանձնել. կարող է պատահել, որ այդ հարցը (որ մեր ժողովրդի համար մի ահագին դժբախտություն է դարձել այլ կերպ լուծվի։ Սակայն լավագույն լուծումը այդ հարցի ես համարում եմ Ռուսական տիրապետությունը։ Եթե դա հնարավոր է՝ ուրեմն մեր ժողովրդի երկու խոշոր հատվածների միացումով ավելի ևս կզորեղանա այն կուլտուրական հոսանքը, որը փափագելի է ինձ համար, եթե չլինի այդ, ապագայում էլ մենք պիտի ձգտենք այդ միացման: Տաճկաստանի վերածնության ես չեմ հավատում, իսկ Ռուսիայի ապագան ինձ համար աներկբայելի է։ Եվ կապելով իմ լավագույն հույսերը ռուս առաջավոր դեմոկրատիայի հույսերի և իմ բաղձանքները նրա բաղձանքների հետ, ես չեմ տարակուսում, որ չեմ հիասթափվելու:

Սակայն պոլսական (ես դիտմամբ եմ ասում պոլսական կամ արևմտյան և ոչ տաճկահայ) լեզո՞ւն, նրանց գրականությո՞ւնը։ Իմ աչքում պոլսական և առհասարակ արևմտյան գրականությունն ու լեզուն բնավ այն հմայքը չունեն, որ գոյություն ունի շատերի համար։ Ինչ վերաբերում է վիեննցոց ու վենետիկցոց լեզվին, դա մեզ համար բոլորովին անընպունելի մի լեզու է— դա երբեք չի լինելու մեր գրականության լեզուն։ Շատերը համարում