հոսանքին, ընդհանուր ուղղությանն է վերաբերում և ոչ առանձին գրողներին։ Խոսքը վերարբերում է գրականության ընդհանուր ոգուն ու շնչին։
Թումանյանի մի «Փարվանա»-ն ես չեմ փոխի պոլսահայ բոլոր հանկարծակի հեթանոսացած պոետների արտադրությանց հետ։
Բայց ինչումն է հայ գեղարվեստական կոչվող գրականության գլխավոր պակասությունը։ Գեղարվեստականությունը։ Նա այն ժամանակ կկանգնի իր բարձրության վրա, երբ կզգա իր իսկական կոչումը, երբ ազատ կզգա իրան, որովհետև գեղարվեստն անազատ լինել չի կարող։ Այդ ազատությունը զորություն կներշնչե նրան ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու և ազատ օդ շչելու։ Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը, նրա հոգին, նրա միտքը, նրա անհուն խորությունը, այն, ինչ Դոստոևսկին անվանում է «անդունդ իմ մեջ»։
Արդյոք հայ գյո՞ւղն է եղել մեղավորը, որ Պռոշյանը գեղարվեստական գրվածների տեղ ազգագրական պրոտոկոլներ է տվել, արդյոք հայ ժողովուրդն է մեղավոր, որ հայ քննադատը Ծատուրյանին Թումանյանից, Իսահակյանից ու Հովհաննիսյանից բարձր է դասել, վերջապես ով է եղել մեղավոր, որ հայ սեմինարիստ ինտելիգենցիան իրան ինտելիգենցիա է համարել և իրա կուլտուրան — ազգային կուլտուրա։ Սրան կասեն — с больной головы да на здоровую!
Այժմ մեզանում ծագում է նոր ինտելիգենցիա — դեռևս շատ սակավաթիվ է այն և անկազմակերպ, դեռևս ցրված է ու մասամբ բաժան, սակայն ընդհանուր գծերով այդ ինտելիգենցիան մոտ է ռուս առաջավոր դեմոկրատ ինտելիգենցիային — նույն իդեալներով է ապրում և նույն իղձերն ու ձգտումներն ունի։ Նա չի կամենում կերակրվել ու կերակրել ժողովրդին այն սննդով, որ մատակարարել են և մատակարարում են մեր սեմինարիստ ազգայինները։ Նրա քաղաքական ու հասարակական իդեալները պարզ են, նրա գեղարվեստը լինելու է այն գեղարվեստը, որ գեղարվեստ է ամեն երկրում և ամեն ժողովրդի համար, այսինքն իսկական գեղարվեստ և ոչ սուրրոգատ։