Այդ ինտելիգենցիան հակառակ է գեղարվեստական այն սակավապետության, որ սնվել է մեր իրականության մեջ, ուր պրոտոկոլը վեպի տեղ է անցնում, անիմաստ բամբառակությունն ու չափածո սնախոսությունը՝ պոեզիայի տեղ։ Այդ նոր գեղարվեստը չպիտի ետ մնա եվրոպական գեղարվեստից, չպիտի մխիթարե իրան սին ինքնահավանությամբ և ինքնագոհ ծուլությամբ, նա պիտի ընդգրկե ամենալայն հորիզոնները։ Նա չպիտի ջոկե բանաստեղծական և անբանաստեղծական նյութեր — նրա համար ամբողջ աշխարհը, ինչպես և ամբողջ մարդը պոեզիայի նյութ են լինելու։ Նրա համար չպիտի լինի հելլեն և հրեա, որովհետև իսկական գեղարվեստը համամարդկային է, նույնքան համամարդկային է և ազատ, որքան և միտքը, գիտությունը։ Որովհետև իսկական գեղարվեստի համար կարևորը ոչ թե հագուստն է, արտաքինը, այլ ներքինը, հոգին։ Թումանյանի «Փարվանա»-ն բոլոր ժողովուրդների համար հասկանալի է և գեղեցիկ, ինչպես և Պուշկինի «Ոսկե ձկնիկը»։ Մի օրինակ ևս։ Համսունի «Վիկտորյան»—ուր գեղարվեստորեն պատկերացրած է Նորվեգիայի մի ծովափնյա փոքրիկ քաղաք իր բոլոր բնորոշ գծերով—հասկանալի և սիրելի է բոլոր երկրների մարդկանց համար, ինչպես հասկանալի է և սիիելի Հաուպտմանի «Ջուլհակներ» դրաման, ուր կենդանագրված է Սիլեզիայի բանվորների կյանքը, կամ Հայնեի համանուն բանաստեղծությունը։
Մինչդեռ Պռոշյանի վեպերը մեզ, ներկայիս հայերի համար արդեն անըմբռնելի են։
Այստեղ բանը ազգային կոլորիտը չէ բնավ։ Ես ասացի, որ չնայած տեղական և ազգային կոլորիտին—Համսունի գավառական քաղաքը, ինչպես և Իբսենի «Պեր Գյունտը» կամ «Բրանտը» հասկանալի են բոլոր մարդկանց համար — մինչդեռ մեր գրականության մեջ գավառական քաղաքի պատկերացումը այնպիսի բնույթ է կրում, որ մեզ անգամ արդեն անհասկանալի է, այսինքն նա գեղարվեստական չէ։ Եթե Չեխովին բերեին Ախալքալաք կամ Շուշի, անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար Շուշիի կամ Ախալքալաքի կյանքից։ Մինչդեռ մեր հասակավոր կամ ջահել հաճախ անվանի և վաստակավոր գրողները կարծում են, որ բավական է հերոսուհու անունը Լյուսի դնել կամ Օլգա, և գրվածքը եվրոպական բնույթ կստանա։ Կարծես մի Շողակաթ կամ մի Կիրակոս չեն կարող բարձր գեղարվեստի նյութ ծառայել։