Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/103

Այս էջը հաստատված է
60. ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՊԱԽԱԼՈՎԱՅԻՆ
1913, սեպտեմբերի II կես, Մոսկվա

Թանկագին, սիրելի Ալեքսանդրա Նազարովնա[1]

Վերջապես կարող եմ Ձեզ մի քանի խոսք գրել։ Հիվանդությունս խանգարեց դա ավելի վաղ անելու։ Ամենից առաջ ես ուզում եմ կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ ամեն ինչի համար. Ձեր քաշած բոլոր նեղությունների, հյուրասիրությունների, Ձեր հոգածության համար, մի խոսքով, ամեն ինչի համար։

Մենք արդեն տեղավորվել ենք և բավական լավ։ Ողջ-առողջ ենք։ Օրերս գործի կանցնեմ։ Ընկերներս ասում են, որ մյուս տարի կարող եմ տեղավորվել Լազարյան ճեմարանում։ Ես, իհարկե, կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի տեղավորվեմ և վերջապես ինքնուրույն ապրեմ։ Այն ժամանակ արդեն Դուք անպայման պետք է մեզ մոտ հյուր գաք։ Սակայն դա չի խանգարում, որ այս տարի էլ գաք, թեկուզ կարճ ժամանակով։ Ես շատ կուզենայի (իսկ Սուսաննայի և Ժենյայի մասին, կարծում եմ, ասելն ավելորդ է), որ Դուք գայիք։ Ուժերդ հավաքեցեք և եկեք։ Ես խոսք եմ տալիս Ձեզ ուղեկցել ամենուրեք և առհասարակ ամեն կերպ հոգ տանել Ձեր մասին։ Սուսաննան փնթփնթում է, որ ստիպված եղավ խնամել ինձ։ Ասենք, ես իրոք նրան մի քիչ տանջեցի, բայց մի՞թե ես մեղավոր եմ, Ալեքսանդրա Նազարովնա, որ հիվանդացա։ Ես ամեն կերպ աշխատում եմ նրա գթասրտությունը շարժել, ի՛նչ արած։ Ժենչուրան մի քանի անգամ եղել է մեզ մոտ։ Նա ողջ և առողջ է։ Սուսաննան էլ է եղել նրանց մոտ, իսկ ես դեռ չեմ կարողացել։ Մոտ օրերս կգնամ։

Ինչպե՞ս եք Դուք, մերոնք բոլորը։ Ինչպե՞ս է ձեր շինարարությունը։ Դեռ չի՞ ավարտվել։ Ի՞նչ է անում մեր ուսանողացու Ալեքսանդր Սերգեևիչը:

Բոլորին բարևեցեք։

Համբուրում եմ Ձեր ձեռքը։ Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք։ Ողջ լերուք։

Ձեր Վահան
  1. Նամակը գրված է ռուսերեն։