Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/106

Այս էջը հաստատված է

հարցեր և բացի այդ ցանկությունը քեզ մի նամակ գրելու—ստիպում են գրել։ Սկսեմ գործից։ Կոլյայից մինչև այժմ մարտ ամսի թոշակը ստանալու համար հավատարմագիրք (довренность) չեմ ստացել — այնպես որ այսօր կգնամ ստանալու նրա երկու ամսվա թոշակը միայն, որից 10 ռուբլին տալու եմ Աբելյանին, 20 ռուբլին բանտին և 30 ռուբլին վերցնելու եմ ինքս (քեզ տվածս փողը)։ Մնալու է 6 ռուբլի, ինչպե՞ս վարվել այդ 6 ռուբլու հետ, չգիտեմ, գրի՛ր և կարգադրի՛ր։ Հրանտը գնում է շուտով Պետերբուրգ հրավիրանոք Մելիքյանի, որը ռեգենտի պաշտոն է ստացել և առաջարկում է Հրանտին ամսական 25 ռուբլու երգել։ Սա շատ լավ ելք է կարծեմ Հրանտի համար։ Ի դեպ, նա 15 ռուբլու փոխարեն 20 ուզեց, և ես հավատում եմ նրան, որ «անհրաժեշտ» է և կարծում եմ, որ դու դեմ չես լինի, что передаю 5 р. ему. Ինչ վերաբերվում է Կուսիկյանի մոտի փողին՝ ես բան չհասկացա. ամեն ինչ շփոթել եմ—խնդրեմ գրիր շուտով և այդ մասին պարզ և հասկանալի։ Ես առհասարակ սոսկալի խճճվել եմ և ոչինչ չեմ հիշում—խառնաշփոթություն է և շիլափլավ։ Ահա այդպես, մի մոռանա, գրիր այդ մասին։

«Գարուն»-ը լույս տեսավ, վաղը կուղարկեմ քեզ մի օրինակ։ «Թարասյանների գործը» կարծեմ հաջողվում է[1]։

Տրամադրությունս անորոշ է։ Ապրում ենք առաջվա պես, սակայն Սուսաննայի հետ չենք կռվում, բայց իմ անձնական (անկախ արտաքինից) հոգեկան վիճակը լավ չէ—նույնպես ինչ-որ շփոթ է, ոչինչ չեմ հասկանում։ Գուցե ուղղակի հոգնել եմ և ամեն ինչ կանցնի ու «կարգի կընկնի»։ Շուտով ամառը գար—գուցե հանգստանամ և այս հիմար վիճակն անցնի։ Սրանով էլ պետք է բացատրել, որ քեզ ավելի հաճախ ու շատ չեմ գրում։ Վարյային ես լավ եմ հասկանում։ Ի դեպ, կարծում եմ, նամակս կկարդաս նրան, թեև կարդալու բան չկա, բայց ինչով հարուստ եմ (чем богат)... կարծում եմ կարիք չկա ծավալվել դեպի ձեզ տածած իմ զգացմունքների մասին, ուստի չպետք է ինձնից նեղանաք այսպիսի դատարկ, անիմաստ նամակի համար։ Ոչինչ չեմ կարող անել տրամադրությանս հետ։ Գուցե երբևէ տրամադրություն կունենամ և ձեզ լավ, դե գոնե իմաստավորված և կարգին նամակ կգրեմ, իսկ առայժմ չեմ կարող, որքան էլ ուզեմ, չեմ կարող մտքերս

  1. Այստեղից սկսած գրված է ռուսերեն: