Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/109

Այս էջը հաստատված է

այսինքն փողոցներում։ Առայժմ մեզ այդքանն էլ հերիք է։ Մնացածը երբ հարստանանք, այն ժամանակ կտեսնենք։ Դուք խնդրեմ չնեղանաք, որ Ձեր նամակը դնում եմ Ցոլակի նամակի հետ նույն ծրարի մեջ։ Երբ Դուք թույլ տաք, որ իսկականից դարպասեմ Ձեզ և հուսամ «хоть мгновенный» (սրանք մի աղջկա խոսքեր են) հաջողության, այն ժամանակ կգրեմ Ձեզ առանձին և խստագույնս գաղտնի։ Այդպես էլ իմացեք։

Ահա էլի ինչ։ Խնդրեմ Ցոլաչոկին ասեք, որ ինձ ուղարկի (եթե կարելի է շուտով) թղթակցական տոմս — դա ինձ այստեղ պետք կգա։ Միայն ինչպես հարկն է՝ կնիքով, տպագրված կամ մի խոսքով ինչպես կարգն է՝ տեղը տեղին, մի լավ թղթակցական տոմս (որքան կարելի է շուտ)։

Մի անգամ ևս, և արդեն վերջին անգամ, սեղմում եմ Ձեր թաթիկը, էլի նույն, թեև մի քիչ ավելի քնեած։

Վահան

Հա՜։ Լսեցեք, ե՞րբ եք սովորելու հայերեն, ինչպե՞ս չեք ամաչում, և Ձեր աղջիկը նույնպես, չէ՞ որ խոստացված տիկնիկը նա ինձնից կստանա միայն հայերեն իմանալու դեպքում, ոչ այլ կերպ։


65. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1913, 17 հոկտեմբերի, Պետերբուրգ

Սիրելիդ Ցոլակ

Վերջապես ուզում եմ քեզ մի քանի տող բան գրել— այսինքն տեղեկություն տալ իմ մասին, որ գիտենաս, թե ո՞ւր եմ և ի՞նչ եմ անում։ Երեք շաբաթ է Պետերբուրգ եմ։ Եղա Մառի մոտ — ստիպեց մտնել համալսարանը և լսել իրան՝ ասելով, որ միայն այդ ձևով ես կարող եմ գիտություն ձեռք բերել— դա միակ ճանապարհն է և ուրիշ ուղի ոչ գո։ Այնքան կտրուկ գրեց հարցը և այնպես ոգևորեց, որ առանց այլևայլության հպատակվեցի։ Ադոնցը նույնն ասաց, և երկուսն էլ խրախուսեցին ինձ։ Ինչ վերաբերվում է գործիս նյութական կողմին, առայժմ հաստատ բան գրել չեմ կարող —