քննադատական ալմանախի համար դեռ նյութ չկա, բացի Իշխանյանից։ Մի բան անո՞ւմ ես դու։ Գրիր քո մասին։
Երեկ կարդացի Թումանյանի «Ալլահից ղրկվածս»-ը «Հորիզոն»-ում։ Հրաշալի է և բովանդակության, և ձևի տեսակետից։ Շա՜տ, շա՜տ հավանեցի։ Անպատճառ կարդա և ուշադիր։ Ի դեպ, նա խոստացել է մեզ ուղարկել հատված իր նոր պոեմից:
Կարծեմ էլ գրելու բան չկա։ Գրիր ի՞նչ ես անում դու, ինչպե՞ս են գործերդ ու տրամադրություններդ։
Ջերմագին բարևներ իմ և Շուշանիկի կողմից Վարյային։
Առայժմ այսքանը, եթե տրամադրություն լինի կգրեմ ուրիշ անգամ ավելի մարդավարի նամակ։
3. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Անտենկա
Ուղարկում եմ ձեզ հունվ. 7-ին գրած նամակս։ Նրանից կարող եք տեսնել, որ ես որոշել էի ամենամոտիկ ժամանակներս գալ ձեզ մոտ։
Հետագայում հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ստիպված էի հետաձգել նամակիս առաքումը և Մոսկվայից իմ մեկնելը։ Հիմա դեռևս չեմ կարող ձեզ վերջնականապես ասել, արդյոք կգամ և երբ։ Ես շատ կուզենայի գալ և կարծում եմ այդ կհաջողվի, բայց շատ եմ ուզում ձեզ չխաբել, ուստի դեռ ոչ մի Խոստում չեմ տալիս։ Բայց կարծում եմ, որ մի քանի օրից հետո հաստատ կգրեմ ու ճշգրիտ կնշեմ գալստյանս ժամկետը, եթե, իհարկե, ամեն ինչ այնպես կարգավորվի, ինչպես ուզում եմ։ Տա աստված, որ հաջողվի։ Ահա առայժմ բոլորը։ Ուրեմն, մի քանի օրից Հետո (5—6, 7, 8) ձեզ կգրեմ։ Իսկ առայժմ դուք գրեցեք ինձ և համենայն դեպս պատասխանեցեք իմ հարցերին, և մի նեղացեք ինձ վրա ուշ պատասխանելուս համար։ Գուցե արդեն ո՞ւշ է։ Գուցե այլևս չե՞ք ուզում ինձ ճանաչել։ Իսկ ուշ եմ պատասխանում նրա