դրությունս դեռևս բավական խախուտ է, սակայն մարդիկ ապրում են հույսերով, ես էլ մարդու մեկը։ Արդեն սկսել եմ պարապել (գործը քիչ ձգձգվեց, որովհետև բարեհուսության վկայականը շատ դժվար ստացա), սովորում եմ վրացերեն, և շատ ոգևորում են ինձ պարապմունքներս առհասարակ, թեև չոր բաներ շատ կան, բայց էլի հետաքրքիր է — չգիտեմ, գուցե սկիզբն է այսպես թվում։ Տեսնենք։ Загадывать не хочу, ո՞վ գիտե իմ բանը, մեկ էլ կթողնեմ կփախչեմ, և դու վրաս կծիծաղես։ Առայժմ ուզում եմ պարապել։ Վերջ ի վերջո ի՜նչ եմ կորցնում։ Շատ-շատ էլի նույնն եմ, հո ինձնից բան չի պակասելու։ Եթե Սուսաննային բժիշկները թույլ տան այստեղ ապրելու, պիտի աշխատեմ մի պաշտոն գտնել նրա համար և մի քանի տարի էլ մնալ ուսանող ու հետո... [Կունենանք, Ցոլաչոկ, մի վախենա, մեր ժուռնալը, բայց այնպիսին, որ էլ ասել չի լինի]։ Մի քիչ էլ սովորենք, բան իմանանք, տեսնենք ինչ կլինի։ ճիշտ է, մի քիչ նեղ օրի եմ նյութականի տեսակետից, մինչև իսկ շատ նեղ (խրված եմ սաստիկ, և այստեղ էլ վատ էր շարունակ դրությունս այդ տեսակետից), բայց Տերը ողորմած է, ամեն նեղ օր վերջ ունի, չէ՞։ Մի քիչ ուշանում ենք, իհարկե, բայց շտապել ո՞ւր, ո՞ւր շտապենք, Ցոլակ ջան, Հայաստանը իրա տեղում կմնա և աշխատանք որքան կամենաս, այնպես չէ՞,зато уж поработаем! Դու երևակայել չես կարող, թե որքան ես ուրախ եմ քո հոդվածները կարդալով — տեսնում եմ քո կարողությունը և ուրախանում ոչ թե հոդվածների և այսօրվա համար, այլ ավելի վաղվա, գալիքի համար, երբ կմիանանք մի ամսագրում (կամ՝ թեև դա շատ դժվար է նյութականի տեսակետից՝ լրագրում, իսկական, մեծ լրագրում), ամուր ու հաստատուն մի գործ կհիմնենք և այն ժամանակ ցույց կտանք «մերոնց», թե ի՞նչ է իսկական ժուռնալը, ի՞նչ է իդեական խոսքը և իսկական գրականությունը։ Հավատում եմ կամ համենայն դեպս այնքան զորեղ ցանկանում, որ գուցե հավատից էլ բարձր է դա, եթե հավատ չէ, կամքը գուցե հավատից էլ բարձր բան է, ով գիտե։ Եվ ահա ամեն անգամ երբ մտածում եմ այդ վաղվա մասին, ուզում եմ ասել քեզպարապիր, Ցոլաչոկ, որքան որ ուժերդ ու դրությունդ կներե, մի մոռանալ, որ այն, ինչ որ անում ես այժմ, մարզանք, ռեպետիցիա պիտի համարես, որպեսզի «когда настанет настоящий день», պատրաստ լինես կազմ։ Ես էլ այդ եմ ուզում անել ինքս ինձ վերաբերմամբ։
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/110
Այս էջը հաստատված է