Վերջ ի վերջո դարձյալ ես մեր երրորդության ավելի եմ հավատում, քան որևէ ուրիշին (քո և Պաոլոյի միջից անցածը մշուշ է, կանցնի, հոգ չէ դա, ես համոզված եմ)։ Միայն թե իրար ըմբռնելու ընդունակությունը չկորցնեինք։ Տեսնենք ի՞նչ կլինի։ Այս քիչ գրածիցս դու շատ հասկացիր, մինչև որ Աստված հաջողե տեսնվենք։ Այսպես ոգևորվեցի — սա իմ հիմնականն է, մնացյալը գալիս է ու գնում որպես ալիք, իսկ սա իմ ուխտն է (և քոնը, իհարկե, այնպես չէ՞)։ Հիմա գրիր տեսնենք ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Հայերեն թերթ չի ընկնում ձեռքս այս քաղաքում — ինքս էլ չեմ ստանում։ Վերջերս Մոսկվայումն էլ թերթդ չէի ստանում։
Գրիր այդտեղի նորություններից, քո գործերից, որ մեծապես հետաքրքրում են ինձ։ Վերջապես հաստատեցի՞ն քեզ, թե ոչ։ Գրի՜ր։ Ողջ լեր։
Адрес мой: СПБ (Սը-Պը-Բը!), Петербургская Сторона, Большой проспект, д. 17, кв. 34
66. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Որքան էլ տխուր լինի, Անտյա, բայց էլ ուրիշ ոչինչ չկա, տվյալ րոպեին միայն սա է մնում, այսինքն Ձեզ գրել այս ուշացած (իսկ թե ինչու է ուշացել՝ կկարդաք ստորև) նամակը և առայժմ ինձ «մխիթարել» այն մտքով, որ նա մի քիչ կմեղմացնի, իհարկե, Ձեր կողմից արդեն կայացրած դատավճիռը։ Ինչ իմանաս, գուցե ես էլ տվյալ դեպքում յուրօրինակ Բեյլիս եմ, այսինքն դատապարտված ոչ իմ, այլ ուրիշի մեղքով։ Ահա թե բանն ինչ է։ Կարծեմ, Ձեզ ասել եմ, որ մի պարոն խոստացավ ինձ տալ 300 ռուբլի, որից հարյուրը ես դեռ նախքան Ձեզնից պարտք վերցնելն ստացա և ծախսեցի, իսկ մնացած 200-ը խոստացված էր մի քանի օր հետո։ Հենց այդ խոստման հիման վրա ես Ձեզնից վերցրի փողը և իմ հերթին խոստացա վերադարձնել մի քանի օրից հետո։ Շատ