Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/112

Այս էջը հաստատված է

հարգարժան վկաների ներկայությամբ ինձ տված խոստումը այնքան կատեգորիկ և հաստատ էր, որ ես ոչ մի հիմք չունեի կասկածելու և իրավունք համարեցի իմ հերթին Ձեզ նույնքան կատեգորիկ և հաստատ խոստում տալ։ Սակայն պարզվեց, որ ոչ մի բանի վրա չպետք է հաստատ հույս դնել և նույնիսկ այսպիսի մանրուքներում պետք է հիշել Դեկարտի «ամեն ինչին պետք է կասկածել» ասույթը։ Մի խոսքով, այդ մարդն ինձ խաբեց ամենաանխիղճ կերպով, ձգձգեց, ձգձգեց, իսկ հետո այդպես էլ չտվեց։ Այդ ձգձգումն ու այդ խաբեությունը ինձ պահեցին Մոսկվայում, խափանեցին իմ գործերն ու պլանները (համենայն դեպս շատ վնասեցին), և, որ առանձնապես ինձ վշտացնում էր և շարունակում է վշտացնել, ինձ այնպիսի սարսափելի անհարմար վիճակի մեջ դրեցին ոչ միայն Ձեր, այլ նաև ուրիշ մարդկանց առջև։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ պատճառով մի ամբողջ ամիս կորցրի և մինչև հիմա չեմ կարողանում նորմայի մեջ մտնել։ Խաբեությունը բացվելուց հետո ես ուզում էի որևէ բան ձեռնարկել, բայց տեսա, որ դա գործս կձգձգի էլի մի ամսով, հետաձգեցի մինչև մի ավելի բարեհաջող ժամանակի, այսինքն, երբ վերջնականապես կկարգավորեմ գործերս, որոնք պահանջում են անհապաղ մեկնում Մոսկվայից։ Ահա թե ինչու չբերի Ձեզ խոստացած փողերը և չանցա հրաժեշտ տալու Ձեզ և ձերոնց։ Չխոսելով այն մասին, որ ինձ ծայրահեղորեն անհարմար էի զգում, ինձ համար շատ ծանր էր առհասարակ, որովհետև այդ ամբողջ պատմությունը խորապես ցնցել էր ինձ՝ այնքա՛ն գարշելի ու նողկալի էր դա և այնպե՛ս վիրավորական ինձ համար։ Պետերբուրգ գալով բարոյապես շատ ընկճված վիճակում և նյութապես բավական տխուր պայմաններում, բոլոր ուժերս գործադրեցի, որպեսզի որքան կարելի է շուտով կարգավորեմ գործերս, և հենց դրանք, այդ գործերն էին խլում իմ ամբողջ ժամանակն ու եռանդը։ Չարժե այդ բոլորը պատմել, միայն կասեմ, որ դրանից էր կախված նաև իմ «նյութական» գործերի կարգավորումը։ Բայց և այնպես, շարունակ հույս ունեի, որ գոնե Ձեզ կկարողանամ ուղարկել փողը և դրա համար որոշ բաներ ձեռնարկեցի, բայց այստեղ էլ ամեն ինչ բավական անհաջող դասավորվեց, և այդ անել, ինչպես տեսնում եք, մինչև հիմա չկարողացա։ Եվ նկատի ունենալով, որ դեռևս ստույգ չգիտեմ, թև դա երբ կվերջանա և երբ կկարողանամ Ձեզ ուղարկել փողերը,