Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/113

Այս էջը հաստատված է

որոշեցի գրել այս «մեղայական» նամակը, որովհետև իմ լռությունը կարող է ինձ համար առավել քան տհաճ զանազան մեկնաբանությունների ու կռահումների առիթ տալ։ Եվ ահա, կատարելով այս տխուր պարտականությունը, որքան էլ այդ տհաճ լինի, պետք է Ձեզ «մխիթարեմ» լոկ խոստմամբ, որ շուտով կուղարկեմ փողերը (թեև որքան շուտով, չեմ կարող ասել, դա ինձնից չիկախված, ընդսմին հիմա արդեն վախենում եմ կատեգ. խոստում տալուց)։ Եթե որևէ պատճառով հարկավոր կհամարեք, կարդացեք այս նամակը Դոդյային ու Մարթային և առհասարակ նրանց, ովքեր այսպես թե այնպես տեղյակ են այս պատմությանը, իսկ ինձ համար դա նույնիսկ ցանկալի է (եթե նրանք գիտեն այս պատմությունը), որովհետև ինձ թվում է, որ վերը շարադրածը, եթե չի արդարացնում իմ արարքը, ապա որոշ չափով վերականգնում է պատիվս այն մարդկանց աչքում, որոնք ինձ ավելի քիչ են ճանաչում, քան Դուք։ Եթե ուզենաք ինձ գրել, ահա իմ հասցեն՝ ՍՊԲ, Պետերբուրգյան կողմ, Բոլշոյ պրոսպեկտ, տ. 17, բն. 34։ Եթե գաք, շատ ուրախ կլինեմ ձեզ տեսնել ինձ մոտ։ Բարևս հաղորդեք ձերոնց բոլորին։

Վահան Տերյան

Իհարկե, այս ամենը ես կարող էի անձամբ հայտնել Ձեզ մեկնելուց առաջ, բայց չէի կարող, որովհետև, ասենք, դրա բացատրությունը նամակում կա. անհարմար էի զգում։ Չգիտեմ, ճի՞շտ եմ գրում Ձեր հասցեն, ուստի, եթե չգրեք էլ մի երկու խոսքով հայտնեցեք այս նամակն ստանալու մասին։

Վ. Տ.


67. Ա. ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

1913, 27 հոկտեմբերի, Պետերբուրգ

Մեծահարգ պարոն

Թարգմանել եմ բնագրից Օսկար Ուայլդի «Սալոմե»-ն։ Արդյոք Կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերությունը չէ՞ր համաձայնի հրատարակել այն։ Եթե սկզբունքով այդ գրվածքի հրատարակությունը


8 Վ. Տերյան,հատ. IV