Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/115

Այս էջը հաստատված է

բարոյական ծանր հարվածից, որ ես ստացա (որովհետև դա իսկապես հարված էր բարոյական), այդ բանը բոլորովին խանգարեց իմ ծրագրներն ու գործերը, դրեց ինձ անելանելի դրության մեջ, խայտառակ արեց և Ձեր առաջ։ Դրա պատճառով ուշացա այստեղ գալու, և գործերս ու պարապմունքներս ետ ընկան, չեմ ասում արդեն, որ ստիպեց ինձ շատ նեղ օրեր քաշել այստեղ–օտար այս քաղաքում։ Եվ հիմար դարձա ես իմ բոլոր արածներով, որովհետև խաբվեցի։ Մինչդեռ եթե Արսենը իր խոսքի տերը լիներ, ես իմ և ոչ մի քայլի համար չպիտի զղջայի։ Ահա այս է իմ «մեղմացուցիչ դեպք հանցանաց»-ը։

Սակայն հավատացնում եմ Ձեզ, որ այդ «դեպքի» լինելը չհանգստացրեց ինձ և դրա ապացույց այն, որ մինչև այժմ չկարողացա Ձեզ մինչև իսկ գրել և, իհարկե, դա էր պատճառը, որ չհամարձակվեցի գալ Ձեզ մնաս բարով ասելու։ Ինչ խոսք, որ առաջին հնարավորությունից պիտի օգտվեմ (եթե կարելի է այսպիսի հայերենով Ձեզ դիմել!) պարտքս վճարելու։ Բայց այս անգամ արդեն կուզեի խուսափել (եթե թույլ կտաք, ով սիրելի Կարբարիչ!) ժամանակ նշանակելուց (թեև դա երբեք չհասկանաք այն մտքով, թե ես չեմ ուզում շտապել)։ Մարդը հաստատ խոսք էր տվել և «փստ» անցավ, հիմա ես իմ «անհաստատ», «թեական» ձեռնարկություններիս վրա հույս դրած ինշպե՞ս գրեմ Ձեզ, թե այսինչ ժամանակ անպատճառ կվճարեմ։ Ես գիտեմ, որ այս ամենը շատ քիչ մխիթարական բան է պարունակում իր մեջ, սակայն այս է։ Եվ չնայած դրան, ես կուզեի, որ սա ստվեր չգցեր մեր մտերմական և բարեկամական հարաբերությունների վրա և ոչ թե միայն Ձեր աչքում խաբեբա լինելուց ազատեր ինձ։ Ավելին կասեմ— ավելի լավ է ասացեք, որ ես խաբեցի Ձեզ, բայց մի լայնացնեք այդ և դրա հիման վրա ուրիշ ենթադրություններ մի անեք։ Մի՞թե ես միշտ անկեղծ չեմ եղել Ձեր վերաբերմամբ։ Վերջացնում եմ նամակիս «կրիմինալ» մասը և անցնում եմ պատմականին (повествовательный—ուրիշ բառ չգիտեմ)։ Ես այստեղ հաստատվեցի։ Ինձ նշանակել են 50 ռուբլի թոշակ, որ մյուս ամսվանից պիտի ստանամ դեռ—չգիտեմ ինչո՞ւ այդպես են դատել «խորհուրդն այս խոր է» և անդյուրըմբռնելի—երևի իմ «բանաստեղծական» (ինչպես Դուք եք ասում) ըմբռնումը և Ձեր ոչ բանաստեղծական— ասենք «քննադատական-մանկավարժական» ըմբռնումը