Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/116

Այս էջը հաստատված է

միմյանց պիտի համապատասխանեն — հավատացած եմ այդ բանում։ Սակայն դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ես հաստատվեցի, և դա ուրախացնում է ինձ, թեև անելիք շատ կա։

Ես անդուլ կերպով սկսել եմ պարապել, սակայն կուզեի առաջուց խուսափել ամեն տեսակ ենթադրություններից ու հեռանկարներ պատկերացնելուց: Ես դատում եմ այսպես՝ հայերեն սովորել ես ուզում եմ հոգով—սրտով, այժմ հնարավորություն կա (հիրավի ինձ ճամար որոշ զրկանքների և դժվարությունների հետ կապված) և ես սովորում եմ—ի՞նչ դուրս կգա դրանից—կերևա ապագայում. համենայն դեպս եթե ես վնաս հասցնում եմ—միայն իմ մարմնին եմ հասցնում, բայց դրա փոխարեն եթե Դուք իմանայիք, թե որպիսի հոգեկան հրճվանք է պատճառում ինձ պարապմունքս, կտեսնեիք, որ ես չպիտի կանգ առնեի նյութական և մինչև իսկ որոշ բարոյական զրկանքների առջև։ Միակ դժվարությունը Սուսաննան պիտի լիներ, եթե միայն նա հոգով սրտով չհամակրեր և սիրով չմիանար իմ ձգտումին։ Դեռ նրան էլ պիտի սովորեցնեմ անպատճառ Նաիրի երկրի արքայական լեզուն, թո՛ղ մի քիչ գործերս կարգի ընկնեն։ Սուսաննային ուզում եմ բերել այստեղ և ցույց կտամ «բուժիչներին», եթե թույլ տան այստեղ ապրելու, կաշխատենք մի պաշտոն գտնել, իսկ եթե չթույլատրեն՝ կուղարկեմ Մոսկով քաղաքը, որպեսզի մոտ լինի և այն ժամանակ մեծ տոներին Ձեզ մոտ հյուր կլինեմ և Ձեզ հետ «Բարոսում» և «Ազնվականաց Մոսկովի ակումբում» գինի կխմեմ, և «Պետրոսյան» թեյատուն կերթամ—էս մունտառ աշխարհի և համայն տիեզերաց հերը կանիծեմ... իհարկե Ձեզ հետ միասին, ո՜վ Կարբարիչ։ Կարծեմ չպիտի զլանաք, ո՜վ գերահարգ Կարբարիչ, իմ բարևները ձերոնց բոլորին հայտնելու։ Այս միգոտ ու մռայլ քաղաքում, որ օտար է իմ սրտին, կարոտով եմ հիշում Մոսկովն ու այն ամենը, ինչ որ Մոսկովումն է։ Այսով վերջացնում եմ նամակս, սիրելի Կարբարիչ, և ցանկանում եմ Ձեզ առողջություն և հաջողություն։

Ջերմ ողջույններով
Ձեր Վանան