Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/118

Այս էջը հաստատված է
69. Կ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ
1913, 5 նոյեմբերի, Պետերբուրգ

Մեծարգո պարոն Կոստանյան

Միայն այժմ վերջնականապես հաստատված կարող եմ համարել ինձ, և դրա համար է, որ նամակս այսպես ուշացավ։ Պարոն Մառը խորհուրդ տվեց ինձ մտնել արևելյան լեզվաց ֆակուլտետը, ասելով, որ այլ կերպ անհնար է իրականացնել իմ ցանկությունը։ Չգիտեմ, որքան, գործնական տեսակետից, լավ վարվեցի՝ հետևելով պարոն Մառի խորհրդին, սակայն, բնականաբար, ես պիտի տարիներից ու պարապմունքներից չվախենայի, քանի որ որոշել էի ամբողջ կյանքս այդ առարկաներին նվիրելու։ Չեմ ուզում ձանձրացնել Ձեզ ինձանով և իմ գործերով։ Ներկա նամակովս ես կամենում էի հայտնել Ձեզ իմ խորին և անկեղծ շնորհակալությունը Ձեր բարի վերաբերմունքի, խորհուրդների և հանձնարարականի համար, որ գրել էիք պարոն Մառին։ Ընդունեցեք իմ անկեղծ հարգանքն ու լավագույն ցանկությունները։

Վահան Տեր-Գրիգորյան (Տերյան)

Петербург Стор., Б. проспект, дом 17, квартира 34


70. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1913, 14 նոյեմբերի, Պետերբուրգ

Սիրելի Ցոլակ

Նախկին նամակովս հայտնել էի քեզ իմ Պետերբուրգ գալու մասին, այժմ կարող եմ հայտնել քեզ մի երկու նորություն իմ կացության մասին, կարծելով, որ դա անհետաքրքրական չի լինի քեզ համար։ Բացի այդ, մի փոքրիկ խնդիրք էլ ունեմ։ Իմ գործս այժմ մի քիչ որոշվեց։ Նշանակեցին ինձ 50 ռուբլի թոշակ, և ես այժմ կարող եմ ինձ հաստատված համարել իմ բռնած գործում, թեև դեռ նոյեմբերի 20-ից միայն պիտի սկսեմ ստանալ թոշակը, որ նշանակել են ինձ իբր բացառություն։ Այս անգամ իմ բախտը բերեց, թեև ավելի շուտ պետք է ասել, որ Մամիկոնյանի խոսքն