Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/120

Այս էջը հաստատված է

լեզու սովորել։ [Չէ՞ որ մերոնք մի տարում ուսումնասիրում են գերմաներենը, իսկ ինչո՞ւ չի կարելի չորս տարում ուսումնասիրել վրացերեն կամ պարսկերեն կամ մի այլ լեզու]։ Ես շատ գոհ եմ այս ամենից, իսկ ի՞նչ կլինի հետո, черт с ним! Նյութականս բավական վատ է առայժմ, և իմ խնդիրքը նրանումն է, որ մտնես գրախանութ և հարցնես, գուցե գոնե մի 10 ռուբլի տան, ստացիր և իսկույն փոխադրիր ինձ։ [Դա համենայն դեպս օժանդակություն է, որովհետև ես հիմա բոլորովին անփող եմ, օրավուր կոպեկներ եմ ճարում և առայժմ այդպես ապրում։ Դու այդ արա, մի հետաձգիր։ Սուսաննան դեռ Ստավրոպոլում է, հայտնի չէ, թե երբ կկարողանա գալ։ Մինչև կոկորդս թաղված եմ պարտքերի մեջ։ Էհ, թքա՛ծ]։

Կուզեի քո գործերի մասին տեղեկություն ունենալ, ինչպես և քեֆիդ։ Հայտարարության մեջ կարդացի, որ գրել ես Նազարյանի նամակների մասին—շատ հետաքրքիր է, բայց «Նոր հոսանքս»-ը ձեռքս չի ընկնում։ Մի կերպ կաշխատեմ ճարել ու կկարդամ։ Ի՞նչ եղավ վերջ ի վերջո քո հաստատության գործը:

Վարյային շատ բարև կանես։ Օնիկը այստեղ է և հաճախ տեսնվում ենք։ Բարևում է քեզ և Վարյային։

Հասցես՝ СПБ, Петербургская Сторона, Большой проспект, дом 17, квартира 34

Ինձ

Ողջ լեր։ Գրի՛ր։ Ջերմ բարևներով

Քո Վահան


71. Ա. Զարգարյանին
1913, 14 նոյեմբերի, Ս. Պետերբուրգ

Մեծարգո պարոն Զարգարյան

Շնորհակալություն Ձեր շուտափույթ պատասխանի համար, բայց դժբախտաբար ստիպված եմ հրաժարվելու թարգմանությունս ուղարկելուց, որովհետև այդ թարգմանությանս համար Ձեր առաջարկած վարձատրությունը շատ քիչ է։ Անշուշտ, եթե դա մի