Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/121

Այս էջը հաստատված է

սովորական գրված լիներ, ես այդպես չպիտի ասեի, սակայն «Սալոմե»-ն իր առանձնակի ձևի և ոճի շնորհիվ դժվար թարգմանելի մի գրված է և ինձնից շատ աշխատանք է խլել, և տալ այդ աշխատանքը մի 25 ռուբլի վարձատրությամբ (որովհետև հազիվ թե 40 երեսից ավելի լինի), անհնար եմ համարում (թեպետ լավ գիտեմ, Դուք էլ, անշուշտ, գիտեք այդ, որ ինձ այդքան էլ տվող չի լինի,— բայց ի՞նչ արած)։ Այս ամենը գրում եմ ոչ թե նրա համար, որ խանգարեմ Ձեր ընդունած նորման՝ ավելի վարձատրություն պահանջելով, այլ իբր ինքնարդարացում, որ անհանգիստ արի Ձեզ։

Ամենայն հարգանոք
Վահան Տերյան


72. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
1913, 22 նոյեմբերի

Սիրելի Անտենկա

Հենց նոր ստացա ձեր նամակը։ Այս ամբողջ շաբաթը հիվանդ էի, հիմա էլ առանձնապես լավ չեմ զգում։ Հավանաբար պատճառն այդ էր, որ մի տեսակ չէր գրվում։ Ասենք, գուցեև ոչ այդ պատճառով, որովհետև հիմա էլ առանձնապես տրամադրված չեմ գրում։ Ինձ շատ է հուզում ձեր անհանգստությունն իմ մասին, և իզուր եք կարծում, թե այդպիսի բաներին ես նշանակություն չեմ տալիս։ Անցյալ տարի, եթե ասում էի, ապա հավանաբար խոսքը մի ուրիշ բանի էր վերաբերում։ Այսպիսով, իմ մարմինն իրեն այնքան էլ լավ չի զգում, սիրելի Անտյա։ Ինչ վերաբերում է հոգուս, ապա նա հիմա լի է բազմաթիվ եթե ոչ նոր, ապա թեպետ հին, բայց խորացած ապրումներով։ Իմ առջև այնպիսի հեռաստան է բացվում՝ լայն ու հրապուրիչ, որ հոգիս վեր է խոյանում տագնապալի ու զվարթ (դա ուրախություն չէ, առօրյա դատարկ զվարճություն չէ, այլ ճշմարիտ ոգեշնչություն, թևավորող, վսեմացնող, սրբացնող)։ Մտածում եմ այն մասին, թե որքան շատ աշխատանք կա, և ամեն ինչ շուտով-շուտով ասելու ծարավից էլ